Իրաքի պետությունը հասնում է քայքայման և մասնատման եզրին: Մի կողմից՝ այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատերազմում է կենտրոնական կառավարության դեմ, մյուս կողմից՝ Իրաքի քրդերը մոտ են իրենց անկախության բազմամյա երազանքի իրականացմանը: Մասնավորապես, Իրաքի կազմում գտնվող Քրդական ինքնավարությունը հինգշաբթի օրը խզել է բոլոր կապերը Իրաքի պաշտոնական կառավարոթյան հետ, հետ են կանչվել ինքնավարության ներկայացուցիչը ու Իրաքի խորհրդարանում ինքնավարությունից ընտրված պատգամավորները: Այդպիսով, ինքնավարությունը նույնիսկ ձևական առումով այլևս իրեն Բաղդադի իշխանություններին ենթակա չի համարում: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին Քրդական ինքնավարության ղեկավարությանը մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Քրդական ինքնավարության խորհրդարանը գրեթե հաստատել է անկախության հանրաքվեի անցկացման կարգը: Դա արվել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի պահանջով: «Իրաքը մասնատված է: Քրդերը չպետք է սպասեն, թե երբ պետք է ինչ-որ մեկը գա եւ որոշի իրենց ճակատագիրը: Այսօր ժամանակն է, որ մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը», - հայտարարել է Մասուդ Բարզանին: Սպասվում է, որ անկախության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2-3 ամիսների ընթացքում: Ու շատ հնարավոր է, որ մոտ ապագայում ի հայտ գա առաջին քրդական պետությունը: 
Անկախ Քրդստանի մոտալուտ ստեղծումը, հավանաբար, միայն ժամանակի հարց է: Քրդերը, ինչպես ասում են, որսացել են պահը: Առկա է բարենպաստ քաղաքական իրավիճակ և քրդերը կանեն հնարավորինս՝ պատմական առիթը բաց չթողնելու համար: Ընդ որում, այդ գաղափարը վայելում է համաշխարհային գերտերությունների ու տարածաշրջանի երկրների աջակցությունը: Ավելին, նույնիսկ Իսրայելն է դա պատրաստ անել, ինչը ակնհայտորեն իր շահերից է բխում՝ ոչ ոք չի հրաժարվի դաշնակցից արաբական շրջապատում ու պատրաստ է սատարել դրա կայացմանը: Սա կարող է հանգեցնել նաև ԱՄՆ-ի աջակցությանը, որը, սակայն, դեռևս կողմ է Իրաքի պահպանմանն ամբողջական սահմաններով: Ռուսաստանը ևս կարող է դեմ չլինել՝ արաբական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու նպատակով:
Չի բացառվում, որ Քրդստանի անկախացումը բավարարի նաև Հայաստանի շահերից, քանզի ի հայտ կգա ինքնորոշված պետության ևս մեկ նախադեպ: 
Իսկ միակ տուժողը կլինեն իրաքցիները: Ու վստահաբար, այդ դեպքում իրենք կրկին կհիշեն իրենց մեծն առաջնորդ Սադդամ Հուսեյնին, ով, իր բոլոր թերություններով հանդերձ, գիտեր ամենակարևորը՝ ինչպես աշխատեցնել այդ երկիրը:
Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել