Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության Սպորտի բաժնի պետ Սերոբ Օհանյանը, անդրադառնալով Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հայ հեռուստամեկնաբանների հասցեին քննադատությանը, նկատեց, որ նույն մեկնաբանը չի կարող բոլորին դուր գալ: Ըստ նրա՝ հայ ֆուտբոլասերները մեծ մասամբ դիտել են իրենց եթերները, իսկ դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ռեյթինգներին կամ գնալ սրճարաններ, ժամանցի վայրեր ու դրանում համոզվել: 

-Սերո՛բ, ի՞նչ կասեք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, նաև առանձին երկրպագուների մեկնաբանությունների, հայտարարությունների հետ կապված, որ խայտառակ մեկնաբանություն էր, որ մեկնաբանները վարկաբեկում են ազգային հավաքականները, հակաեթերային բառեր են հնչեցնում: Եվ ՀՖՖ նախագահն ակնհայտորեն նկատի ուներ Բրազիլիա-Գերմանիա խաղի ժամանակ հնչեցրած՝ «18+», «գերմանական ֆիլմ մեծահասակների համար» և այլ արտահայտությունները: 

-Եթե «18+» , «գերմանական ֆիլմ մեծահասակների համար» -ը հակաեթերային արտահայտություններ են, ես, ուրեմն, եթերից ոչինչ չեմ հասկանում: Կարող եմ վստահեցնել, որ մեր մեկնաբաններից ոչ մեկը իրեն թույլ չի տալիս հակաեթերային բառեր օգտագործել: Եթե ինչ-որ բան ասել են, դա եղել է փոքր-ինչ հեգնանքով կամ կատակով: Ես կարող եմ վստահեցնել, որ մենք որևէ մեկին վիրավորել չենք ցանկացել:

-Սերոբ, նաև ՀՖՖ նախագահը ասաց, որ այդ եթերը լսում էին երեխաները, և սոցիալական ցանցերում հնչեց մեկնաբանություն, թե երեխան ինչ գործ ունի գիշերը ժամը 1.30-2-ին հեռուստացույցի առաջ:

- Ես նախ, կրկնում եմ՝ չեմ հասկանում` մեր մեկնաբանները ի՞նչ բառ են օգտագործել, որ չէր կարելի լսել կանանց, երեխաների կամ մեկ ուրիշին: Ինչ վերաբերում է, թե երեխան այդ ուշ ժամին… դե գիտեք, կարող է երեխան, եթե շատ ֆուտբոլասեր է, շատ է սիրում է, նորմալ է: Բայց կրկնում եմ՝ մեր եթերում ոչ մի անգամ ցենզուրայից դուրս բառ չի հնչել:

-Որքան ինձ է հայտնի՝ արաբ մեկնաբանները շատ կրքոտ են, ռուսները և երբեմն իրենց ինչ-ինչ արտահայտություններ են թույլ տալիս:

-Այո, Դուք ճիշտ եք: Յուրաքանչյուր մարզական մեկնաբան իր մոտեցումներն ունի. մեկն առավել հանգիստ է մեկնաբանում, մեկն ավելի կրքոտ: Ֆուտբոլասերների մի մասին էլ դուր է գալիս առաջին տիպի մեկնաբանությունը, մյուս մասին էլ` երկրորդ, երրորդ և այլն։

-Գուցե, ինչպես Դմիտրի Կիսելյովն է պնդում, ռուսերենի հարցում դժվարանում են, դրա համար:

-Գուցե շատերը ռուսերեն չիմանան, բայց շատերն էլ օրինակ՝ ասում են՝ «ավելի լավ է, ընդհանրապես մեկնաբանություն չլինի»: Կան մարդիկ, ում դուր է գալիս մեր մեկնաբանությունը, կան մարդիկ, որ ոչ: Ընդհանրապես մեկնաբանության ընկալումները շատ սուբյեկտիվ են լինում: Չկա մի մեկնաբան, որը բոլորին դուր գա:

-Ենթադրում եմ, որ օրինակ՝ մեկնաբանությունը կարող է ազդել պարտվող թիմի որևէ երկրպագուի ջղերի վրա:

-Շատ գործոններ կան: Հետո տարիքային խնդիր էլ կա: Ես ասեմ, որ մեր բոլոր 4 մեկնաբանները փակում են բոլոր տարիքային խմբերը: Օրինակ՝ մեր հարգարժան Սլավա Սարգսյանը, ով շատ լավ ֆուտբոլ է հասկանում և շատ լավ է մեկնաբանում, իր մեկնաբանությունները դուր են գալիս 50–ն անց տղամարդկանց: Իսկ երիտասարդ սերունդն ավելի շատ հավանում է Ռոբերտ Գասպարյանին և Մենուա Մեհրաբյանին, միջինը՝ Կարեն Գիլոյանին:

-Հետևաբար, պարոն Հայրապետյանի այս դժգոհությունը, Ձեր կարծիքով, ինչի՞ արդյունք է:

-Դժվարանում եմ պատասխանել: Նա, իհարկե, շատ հարգարժան և հեղինակություն վայելող անձ է, այնուամենայնիվ, դա իր մասնավոր կարծիքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել