Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ): Սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է 3000 դրամի չափով: Այս մասին տեղեկացա azatutyun.am կայքից:

Ինչ ուզում եք ասեք, բայց մենք հավասարը չունենք բյուջետային քաղաքականություն մշակելու հարցում: Չգիտես ինչու ամբողջ հանրապետությունը շնչում է արտերկրից ուղարկվող "խոպանային" ծագման գումարների հաշվին, սակայն միգրանտները, սեզոնային աշխատանքից վերադառնալիս, ստիպված են ենթարկվելու ևս մեկ նվաստացուցիչ արարողության` "ուշացման հարկ" մուծելու տեսքով: Տարադրամային զանազան անկառավարելի դարձած փոփոխությունների, ավիատոմսերի անընդհատ թանկացող գների, Ռուսաստանում զանազան կառույցներին ապօրինի "մուծումների" շնորհիվ թալանվող մեր միգրանտների հսկայական ծախսերի ֆոնին 3000 դրամը, իհարկե, չնչին գումար է, սակայն այսպես վարվել հասարակության այն զգալի հատվածի հետ, որը երկրի տնտեսության հիմնական ստնտուն է, մեղմ ասած, բարոյական չէ: Սա հիշեցնում է հայտնի ասացվածքը` նստեմ գոգդ, փիտրեմ մորուքդ...

Այս հանճարեղ բյուջետային շինարարությունը չկայացած պատգամավորիս համար նոր օրինագծերի ոգեշնչման աղբյուր հանդիսացավ... Առաջարկում եմ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կատարել նոր փոփոխություններ, որոնք նոր իմունալ ներարկումներ կլինեին ճգնաժամից ցնցված մեր բյուջեին.

1. Երևանում ուսանող ՀՀ քաղաքացիներին, որոնք գրանցված են մարզերում և առնվազն 6 ամիս չեն մեկնել իրենց գրանցման վայրեր` տուգանել 3000 դրամի չափով...

2. Facebook-ի այն օգտատերերին, որոնք առնվազն 6 ամիս չեն թարմացրել իրենց ստատուսները` տուգանել 3000 դրամի չափով...

3. Բոլոր այն ամուսիններին, որոնք առնվազն 6 ամիս չեն կատարել իրենց ամուսնական պարտականությունները` տուգանել 3000 դրամի չափով...

Կարծում եմ` իմ հեղինակած օրենքի նախագծի համալրմամբ և լրամշակմամբ կզբաղվեն արդեն գործող պատգամավորները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել