Tert.am-ը գրում է.

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի ղեկավար Մանվել Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է՝ հուլիսի 7-ին կոնկրետ իրենց համայնքում տեղադրված հակակարկտային երկու կայանը չի կրակել, և համայնքի ցանքատարածքները գրեթե 100%-ով վնասվել են։ Ըստ նրա` եթե կայանները շղթայական և ժամանակին կրակեին, արդյունք կլիներ, բայց քանի որ սպասել են, որ ռադիոլոկացիոն կայանը՝ ռադարը, ցույց տա, որ կարկտաբեր ամպ է, նոր միայն կրակեն, ուշացրել են, ու կրակել չի հաջողվել։

«Ժողովուրդը կըսեն՝ չի´ կրակել, ու իրոք որ չի կրակել։ Հույսը դրել են ռադարների վրա, դրա համար էլ հակակարկտային կայանները իրոք որ չեն արդարացնում, մեր աչքից լավ ռադար գոյություն չունի։ Տեսեք՝ Լոռու մարզում ռադար են դրել, բայց օգուտն ի՞նչ, էնտեղ էլ ջարդեց, եկավ մեր մոտ էլ ջարդեց։ Ես, որպես համայնքապետ, որպես գյուղացի, համայնքի բնակիչ՝ չեմ հավատում էդ ռադարին, մենք եթե ամպը տեսնում ենք, ասում ենք, որ կարկուտ կգա, ուրեմն՝ կգա»,-նշեց գյուղապետը և հավելեց, որ կայանների շահագործումն անցել է արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը։

«Ապրիլից օգտագործում են, բայց չգիտենք՝ ով է մեր տերը, ով է էդ գործողությունն իրականացնում»,-ասաց նա և հավելեց, թե երեկ էլ չի սպասել ռադարի ցուցմունքին, կասկածելի ամպ է տեսել ու խնդրել, որ կրակեն, և արդյունք տվել է։ «Գնացել, խնդրել եմ, միացնել եմ տվել։ Ինձ ասում են, որ ռադարը պետք է ասի, տո´, կսեմ, ռադարի վրա հույս մի´ դրեք, կրակե´ք, ի՞նչ տարբերություն՝ կարկուտը մեզ վրա՞ կգա, թե՞ կողքի գյուղի»,-ասաց նա։

Մանվել Պողոսյանը մասնագետ չի, բայց արդեն փորձով հասկացել է, որ համակարգը միասին պետք է աշխատի. «Համակարգը պետք է ճիշտ աշխատի, բոլոր գծերը միասին պետք է կրակեն, որ միասին կրակեին, նման բան չէր լինի։ Ախուրիկի, Հովտաշենի, Գեղանիստի, Ջրառատի և մյուս համայնքների կայանները միասին պետք է աշխատեն, որ օգուտ տան, ու ժամանակին գործեն, իսկ եթե ժամանակից ուշացավ, կարկուտը կգա ու կայանի մեջը կլցվի: Մեկ էլ՝ ուզում ես կրակես, չի լինում»,-բացատրեց նա։

Բացի այդ՝ գյուղապետը վերջին տարիներին կարկուտի նման տեղումները պայմանավորում է Թուրքիայի գործոնով՝ պնդելով, թե այնտեղ լավ հակակարկտային կայաններ ունեն և երբ տեսնում են, որ կարկտաբեր ամպեր են, կրակում են, ուղարկում հայկական կողմ։

«Թուրքիան որ կտեսնի՝ անձրև եղավ, կթողնի իրա վրա թափվե, անձրևից լավ բան կա՞, բայց որ կարկուտ եղավ, կուղարկեն մեզ մոտ։ Իրենց կարկտակայանն առաջվա Սովետի նման է, ուժեղ է, կուտան, կգա մեր տարածքը։ Սովետի ժամանակ մենք կրակոցով կուղարկեինք իրանց տարածքը, հիմա իրենք կուղարկեն»,-ասաց նա և նշեց, թե այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է կայանների շղթան ուժեղացնել։

«Քիչ է դրված, սեյրակ է, բայց որ խտացնենք, կակուտը չի գա։ Որ կակուտն էդ արանքից անցավ, կհասնի մինչև Սպիտակ, ու դեմը չի առնվի։ Իմ հասկացածով՝ որ մի կայան խարաբ եղավ, ամպն արանքից կանցնի»,-ասաց նա ՝ ընդգծելով, որ կառավարման համակարգը թույլ է, որովհետև ֆինանսներ չկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել