Սերժ Սարգսյանն արգենտինական Le Nacion պարբերականին տված հարցազրույցում առաջին անգամ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ՝ նշելով, որ մեր ժողովուրդը մտահոգված է Ադրբեջանին զենք վաճառելու փաստով: Նման գնահատականը հայ-ռուսական առանձնահատկությունների հարթության մեջ դիտարկելիս նշանակում է, որ նախագահը հիասթափված է ռուսական քաղաքականությունից, այն էլ՝ ոչ քիչ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացով պայմանավորված: Այն ժամանակ ՀՀ իշխանությունը մտահոգություն չէր հայտնել միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի իրողությամբ, ավելին՝ նրանք կրկնում էին Կրեմլի հիմնավորումը, որ դա բիզնես է: Բացի այդ՝ երբևէ ռուսական քաղաքականությանը գնահատական չի տրվել՝ անկախ դրա դրսևորման ձևերից: Հիմա հասկանալի դարձավ, որ զենքի վաճառքը ոչ թե բիզնես է, այլ՝ քաղաքականություն, այն էլ՝ համարժեք պատասխանի չհադիպած վարքաբանությամբ դրսևորվող քաղաքականություն: Նախագահի հաջորդ միտքը, թե Հայաստանն ունի կարողություն իրեն պաշտպանելու, նշանակում է, որ Ռուսաստանի հետ անվտանգության համակարգը սկսել է չընկալվել իբրև գործուն մեխանիզմ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, և նա Կրեմլի հասկացնում է, որ այսուհետ իր երկիրը կարող է հույսը չդնել ՀԱՊԿ-ի վրա ազգային անվտանգության իրացման առումով: Հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները պատվով՝ նախագահն անուղղակիորեն հասկացնում է, որ եթե այդ հույսերի իրականացման երաշխիքներ չլինեն Հայաստանը կարող է և իրավունք ունի փնտրելու անվտանգության այլ համակարգեր կամ մշակել այլ մոտեցումներ: Այս իրավիճակը անվտանգայնության պարադոքսն է, երբ պետությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սկսում է ստրատեգիական դոկտրինալ վերաիմաստավորմամբ ստուգել իր ընտրած անվտանգության համակարգի գործունակությունը: Այստեղ տեղի է ունենում լատենտային ինչ-որ գործընթաց, որտեղ անվտանգության սպառողները (օրինակ՝ Հայաստանը) գերտերությունների անվտանգության արտահանման «որակի» վերաբերյալ սկսում են նվազեցնել իրենց պահանջարկը կամ ցույց տալ, որ կարող են դրանք վիճարկել: Ի վերջո, այս ամբողջ գործընթացներն իրենց դրսևորումն են ստանում այլ չեզոք տեղերում կամ հանդիպումներում՝ չեզոք ձևակերպումների միջոցով՝ պահպանելով դիվանագիտական մեկնաբանության տարածականությունը: Այդ էր պատճառը, որ հեռավոր Լատինական Ամերիկայում հնչեց նման միտք և օգտագործվեց «ժողովուրդն է մտահոգված» ձևակերպումը, որպեսզի պատասխաններ տալու անհրաժեշտություն չառաջանա և ճնշումների դիվանագիտական «օբյեկտիվ» հիմքերն էլ մինիմումի հասցվեն կամ բացառվեն: Երևանը զգաց, որ այս ընթացքում քաղաքական շատ ռեսուրսներ է կորցնում, որոնցից է միջազգային հեղինակության կարևորագույն ռեսուրսը և քանի որ հեղինակությունն ու անվտանգությունն ուղղակիորեն փոխլրացնում են միմյանց, հետևաբար՝ արդեն ընկալելի է դառնում անվտանգության հետ կապված խնդիրների առաջացումը: Հիմա Հայաստանը փորձում է վերականգնել հեղինակությունը, որը, ներկա արտաքին քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար ինքնիշխանությունն է և ունի կոնցեպտուալ նշանակություն: Եվ մտահոգվելով Բաքվի նկատմամբ Մոսկվայի քաղաքականության առնչությամբ՝ Սերժ Սարգսյանի հաշվարկը ինքնիշխանության կենդանության նշաններ ցույց տալն է, որը թույլ կտա այլ երկրների հետ ևս հարաբերություններ զարգացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել