Երեկ պաշտոնական այցով Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն էր մեկնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ իս, սա հանդիպում էր երկու հակասությունների: Բայց դա մի կողմ: Որքան էլ ասենք, որ Ուրուգվայը հեռու է, օվկիանոսից այն կողմ է և այլն, և այլն, այնուամենայնիվ, այդ պետության հետ մեր հարաբերությունները պետք է բարձր մակարդակի վրա լինեն: Սա այն եզակի պետություններից է, որ անշահախնդիր աջակցություն է ցույց տալիս թե ՀՀ-ին, թե ԼՂՀ-ին: Սակայն ի՞նչ ենք տեսնում մենք՝ ի պատասխան այդ ամենի. 1992 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այց, 2002 թ.-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այց, իսկ ահա 2014-ին՝ Սերժ Սարգսյանի: 10 տարի պարբերությամբ մենք արտաքին քաղաքականություն ենք զարգացնում: 10 տարի պարբերությամբ մենք ուղղակի բարձիթողի վիճակում ենք թողնում մեր կարևոր բարեկամ-պետության հետ հարաբերությունները: Առ այսօր Ուրուգվայում մենք չունենք դեսպանատուն: Հիմա կասեք՝ փոխարենը Արգենտինայում ունենք, որտեղ հայերն ավելի շատ են, այդ իսկ պատճառով էլ փորձել են մեկ երկրում կենտրոնացնել: Հայաստանի պես պետությունը դեսպանատուն ունի և՛ Հռոմում, և՛ Վատիկանում: Ի՞նչ միջոցներով: Երևի պետք չի հիշեցնել, որ Վատիկանը պետություն է Հռոմի մեջ: Մինչդեռ Ղազախստանի դեսպանը համատեղելիության կարգով նշանակված է նաև Աֆղանստանում, նստավայրը՝ Աստանա, Անդորրայինը՝ Ֆրանսիայում, նստավայրը՝ Փարիզ, Բալթյան երկրներինը՝ Լեհաստան, և այլն, և այլն: Ցավալին այն է, որ վերը թվարկած պետություններից և ոչ մեկը մեզ համար Ուրուգվայից ավելի մեծ կարևորություն չունի: Դեսպանատներ կան և՛ Բրազիլիայում, և՛ Արգենտինայում, բայց որոշ հարցերում հայանպաստ քաղաքականություն իրականացնելու համար այդ պետությունների վրա ազդեցություն ունի հենց Ուրոգվայը, այլ ոչ տեղի հայկական դեսպանատունը (ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը վառ օրինակ, երբ դրա խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ անդամ պետություններից Բրազիլիան և Պարագվայը պետական մակարդակով դեռևս չեն ճանաչել): 
Մի խոսքով, միշտ ասել եմ ու կասեմ. քանի ՀՀ արտաքին քաղաքականությունը վարում են ամբիցիոզ, խորհրդային ագիտացիայի տակ մնացած անձիք, մենք կշարունակենք նորանոր դեսպանատներ բացել երրորդական պետություններում՝ չհասկանալով էլ, թե ինչու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել