Վարչապետն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտերHenaran.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ  կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ  տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր կյանք, Փանիկ, Սպանդարյան եւ Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:

Կառավարության ղեկավարը  տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաեւ տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի եւ որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում  հաշվարկել եւ ներկայացնել նաեւ աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետեւելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, եւ Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետեւանքները հաղթահարելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել