Նախապես ասեմ, որ ինքս էլ ոգևորված չեմ այն պատմությամբ, որն այժմ ձեր դատին եմ հանձնում, ու շատ անգամ եմ այն հավաքել համակարգչիս մեջ, բայց ձեռքս դողացել է «հրապարակել» կոճակին սեղմելիս: Պատմությունը, որը ձեզ հիմա պատմելու եմ, ու փաստերը, որոնք բերելու եմ, ծայրահեղ տհաճ են ու ցավեցնող: Տհաճ են առաջինը այն տեսանկյունից, որ փչացնելու են մի շատ գեղեցիկ պատմություն, որում գլխավոր հերոսը դժվար կացության մեջ հայտնված մի խեղճ դերասան է, և ողջ ազգը շտապում է նրան օգնության: Իհարկե, հասկանում եմ, որ այս թեմայի արծարծումը նման տեսանկյունից կարող է և վնասել միանգամայն անմեղ ու ազնիվ մարդկանց, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, բայց ինչպես ասում են, դառը ճշմարտությունն ավելի նախընտրելի է կեղծիքից: Ու թող որ այդ կեղծիքը լավն է, գեղեցիկ է ու հուսադրող, բայց ես ձեզ կպատմեմ այն, ինչ գիտեմ՝ առանց խմբագրելու ու փաստերը թաքցնելու:
Այսօր՝ 2014 թվականի հուլիսի 9-ին, համբերությանս բաժակը վերջապես լցվեց: Դա եղավ այն բանից հետո, երբ առավոտյան աշխատանքի շտապելիս երթուղայինում ոտքի վրա կարդացի դերասան Կարեն Մկրտչյանի հարցազրույցը այն մասին, որ ինքն ապաքինվել է, ավելին՝ պատրաստվում է ֆիլմ նկարել: Ուշադրություն, խնդրում եմ, ֆիլմ նկարել է պատրաստվում մի մարդ, ով ամիսներ առաջ անգամ գումար չուներ, որ ընտանիքի նվազագույն կարիքները հոգար և հազիվ տան վարձն էր վճարում, իսկ հիմա նա այդքան ազատ միջոց ունի ֆիլմ նկարելու համար:
Ավելի ճիշտ կլինի սկսեմ ամենասկզբից: Դերասան Կարեն Մկրտչյանի վրա հարձակում է տեղի ունենում, որի արդյունքում նա հոսպիտալացվում է, ու բժիշկներն առանց վարանելու նրա մոտ ախտորոշում են «ուղեղի ցնցում»: Ամիսներ անց նրան այցելում մի լրագրող և Կարենից վերցնում մի հարցազրույց, որն ամիսներ անց դառնալու էր նրա բուժման հիմնական երաշխավորը:

 
Սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտարարում է, որ էլ չի կարող քայլել, ապա սկսում է կակազել, ապա առհասարակ դադարում է խոսել: Ի դեպ, նա կակազում է շատ վատ: Գուցե նա դերասան է, բայց վատ դերասան է: Տեսանյութը դիտած լոգոպեդ ընկերներս փաստեցին, որ կակազող մարդը չի կարող նման կերպ կակազել: Որոշ տառեր նա չի կարողանում արտասանել, ապա տեսանյութի վերջնամասում այդ տառերն արտասանում է ու սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա: Փաստացի, եթե Կարենը խնդիր ունենում է խոսելու հետ, դա չի լինում այն ձևով, որը նա ներկայացնում է տեսանյութում: Կոպիտ ասած՝ նա դերասան է և դերասանություն է անում: Դա նրա մասնագիտությունն է: Ամեն դեպքում, չկենտրոնանանք սրա վրա:
Տեսանյութից հետո լրատվական դաշտում սկսվում է իսկական արշավ ու հանգանակություններ են սկսում հոսել դեպի Կարենի բանկային հաշիվը: Ընթացքում տարբեր մարդիկ սկսում են պատմության մելամաղձոտ երանգներ հաղորդել. Կարենը ազատամարտիկ է (ՊՆ-ն ու որևիցէ այլ պատկան մարմին այդպես էլ չի հաստատել Կարենի ազատամարտիկ լինելու փաստը): Հիշեցնեմ, որ նույն կերպ ասում էին, որ շատ հզոր ազատամարտիկ ու հերոս է նաև Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանը: Բայց ինչևիցե: Մենք սիրում ենք հորինել ու ճոխացնել, ապա հիասթափվել՝ պարզելով, որ շատ ենք ճոխացրել:
Ապա սկսում են տարածվել ինչ-որ դավադրության տեսություններ այն մասին, որ որակյալ դերասանների որս է գնում ու դրանով էլ ավելի հերոսացնել Կարեն Մկրտչյանին: 
Ապա մամուլում նորից սկսում է հայտնվել Կարեն Մկրտչյանի բնակարանը, որտեղ նա վարձով է մնում: Հետագայում պարզվում է, որ դա ոչ թե վարձով տուն էր, այլ նրա աներոջ բնակարանն էր:
Ապա հնչեցվում է պատմության ամենակարևոր թիվը՝ 80.000 եվրոն: Ըստ թիվը հրապարակողների՝ հենց այս հսկայական գումարն էր անհրաժեշտ Կարենին վիրահատելու համար: Հիշեցնեմ, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով, օրինակ, Գերմանիայում, որտեղ մեկնեց Կարենը, կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ միանգամից (յուրաքանչյուր վիրահատության գինը 30.000-ից 40.000 եվրո է): 
Ապա հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և նրան խնդրում է իրեն ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը՝ պահանջվող ծախսերի մասին: Կարենը, իհարկե, դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80.000 եվրո արժողությամբ վիրահատություն չեն անում: 

Արդյունքում Կարենը հավաքում է «անհրաժեշտ» գումարը գերազանցող գումար ու ընկերոջ հետ մեկնում է Գերմանիա: Նկատենք, որ ոչ թե կնոջ կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ, ում հետ ոտատակ է տալու Գերմանիան, ու ում հետ կայֆավատ լինել սկսեց հենց ինքնաթիռից: Իսկ այդ տեսանյութը, որտեղ տղերքը ջան են ասում, ջան լսում ու կատակում, հեռացվեց յութուբից:
Ի դեպ, այն մասին, որ գումարը հավաքվել է, Կարենը ասում է այն ժամանակ, երբ արդեն կասկածներ էին շրջանառվում, որ հավաքվել է 80.000 եվրոյից ավել գումար: Ու Կարենը դա անում է մարդկանց բերանը փակելու համար ու մեկնում:
Ապա Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես, որ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից:
Ապա Կարենը գալիս է Հայաստան, նրան դիմավորում են իբրև հերոսի, ով պայքարեց ու հաղթեց հիվանդությանը: Հիմա էլ նա ասում է, որ դեռ բուժման մի կուրս էլ ունի, բայց արդեն լավ է ու իրեն նվիրելու է արվեստին ու ֆիլմ է նկարելու: Փաստորեն, փողը Կարենի մոտ գյոլ ա տվել:
Հիմա հարցս Կարենին: Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ինչո՞ւ չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել