Օրերս հերթական անգամ թուրքական լրատվամիջոցների կողմից լուրեր շրջանառվեցին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին՝ Ալիջանի սահմանային անցակետում: Թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթը նշում էր, թե իբր Թուրքիայի վարչապետը պատրաստվում է բացել 1993-ից փակված հայ-թուրքական սահմանը: Թերթի տեղեկության համաձայն՝ իբր դեռ հստակ չէ սահմանի բացման օրը, բայց մատնանշվում էր սեպտեմբեր ամիսը:

Նույն օրը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, իսկ մեկ օր անց՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական անգամ հերքեց սահմանը բացելու լուրը: ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, խոսելով այն մասին, որ տարածվածն ապատեղեկատվություն է, նաև շեշտել էր, թե Հայաստանի հետ սահմանը փակվել է «Ադրբեջանի հողերի գրավման պատճառով»:

Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ.

-Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին լուրերի պարբերաբար հրապարակումը և հերքումը: Սա հատուկ նպատակադրվա՞ծ քայլ է, թե պարզապես թերթը ապատեղեկատվություն էր տարածել, իսկ գերատեսչությունը հերքեց:

- Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ դեռ անցյալ տարվա վերջից թուրքական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ բարձրացնում են Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու վերաբերյալ թեմաներ, ասենք, սահմանային անցակետեր են վերանորոգվում, ավտոճանապարհներ են բարեկարգվում և այլն:

Սա տեղավորվում է Թուրքիայի՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաղաքականության շրջանակներում: Անկարան փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացում է, որպեսզի միջազգային հարթակում մեղմի 2015-ի էֆեկտը։ Այնպես որ առաջիկայում էլ նմանատիպ տեղեկություններ բազմիցս հայտնվելու են թուրքական (և ոչ միայն) լրատվամիջոցների մատուցմամբ։ Հայաստանի հետ սահման բացելու կամ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ թեմաները մեծապես կկապեմ հենց թուրքական պետության ուղղորդման հետ, այլ ոչ միայն լրատվամիջոցների սեփական նախաձեռնության հետ: Սա թուրքական քաղաքականության մաս է: Եվ թեև պաշտոնապես արդեն հերքվել է, «Թարաֆի» տեղեկությունը, սակայն այդ լուրը հասցրել է աղմուկ բարձրացնել ու տարածվել «թուրքերը պատրաստվում են բացել սահմանը» ուղերձով: Թուրքիայի նպատակն էլ սա էր:

-Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, հերքելով հայ-թուրքական սահմանի բացման մասին հերթական տեղեկատվությունը, կրկին հիշեցրել էր նախապայմանների մասին: Ըստ Ձեզ՝ երբևէ կհրաժարվե՞ն նախապայմաններից:

-Անկարան նախապայմաններից կհրաժարվի, երբ իրապես ցանկանա բացել Հայաստանի հետ սահմանը։ Այնպես չէ, որ Թուրքիան ահռելի ցանկություն ունի բացելու սահմանը Հայաստանի հետ՝ ի վնաս Ադրբեջանի հետ հարաբերությունների։ Պետք է հասկանալ, որ բացի «եղբայրական» հարաբերություններից, Թուրքիայի համար Ադրբեջանը Հայաստանի ավելի խոշոր շուկա է, իսկ Էրդողանի կառավարության համար գերխնդիրը տնտեսական ուղղությունն է, որից էլ բխում են այլ հետևանքները։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան այսօր իր քաղաքականությունը մեծամբ կառուցում է տնտեսական գործոնի վրա։ Կրկնում եմ՝ Թուրքիան սեփական նախաձեռնությամբ սահմանը կբացի այն ժամանակ, երբ այն ամբողջովին կբխի սեփական շահերից։ Բայց և պետք չէ բացառել, որ 2015-ի նախապատրաստության շրջանակներում թուրքերը կարող են որոշակի քայլերի դիմել՝ առավել ընդգծելու/խաղալու Հայաստանի հետ կարգավորման գործընթացի շարունակությունը, այդ համատեքստում սահմանի խորհրդանշական բացումը նույնպես պետք չէ հիմնովին բացառել։ Պետք է հասկանանք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան շարունակելու է լրջագույն դիվանագիտական և տեղեկատվական պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել