Media.am-ը գրում է.
«Քանի դեռ նախագծերը չեն արժանանում պրոֆեսիոնալ հանձնաժողվի գնահատականին ու բաց քննարկումներով չեն անցնում (այդ թվում նաեւ լրագրողների մասնակցությամբ), մենք շարունակելու ենք ծածկադմփոցով ֆինանսավորել կինոն»

Վավերագրական կինոն Հայաստանում շատ ավելի հետաքրքիր է զարգանում ու մեծ հաշվով`ընդունվում աշխարհում, քան խաղարկային կինոն: Համենայնդեպս վավերագրողներ Հարություն Խաչատրյանի, Վարդան Հովհաննիսյանի, Արման Երիցյանի ֆիլմերն ավելի հաճախ են ընդգրկվում տարբեր միջազգային կինոստուգատեսներում, քան խաղարկային ֆիլմերի հեղինակների աշխատանքները:

Սակայն վավերագրական ֆիլմերը ոլոր-մոլոր ճանապարհներով են նկարահանվում ու գրեթե չեն հասնում հանդիսատեսին: Կարծես թե կինափառատոններից բացի դրանք ոչ մի տեղ չեն ցուցադրվում: «Ինչո՞ւ» հարցին պատասխան չունի անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ում ֆիլմերը ցուցադրվում են խոշորագույն միջազգային կինոփառատոններում:

Ի՞նչ սկզբունքներով է Հայաստանում  ֆինանսավորվում վավերագրական կինոն: Տպավորություն է, որ ֆիլմերը ավելի շուտ նկարահանվում են ինչպես պատահի եւ պետությունն էլ չգիտի, թե ինչ է ստանալու արդյունքում:

Պետք էլ չի, որ պետությունը իմանա, կարեւորը, որ հեղինակը իմանա: Բայց մեզ մոտ կարծես վավերագրական կինոյի արտադրության սկզբունքները ոչ մեկին չեն հետաքրքրում: Չի հետաքրքրում նաեւ, որ միգուցե այդ պրոցեսի պատասխանատուները ծերացե՞լ են, ճաշակն են կորցրե՞լ, չե՞ն կարող ու չեն ուզում իրենց գործը լավ անել:

Շատ բարդ է գտնել վավերագրական ֆիլմերի լուրջ պրոեկտներ (հիմնականում այս կամ այն մարդու դիմանկարներն են արվում): Բացակայում է նաեւ պրոեկտների պաշտպանությունը, ինչը շատ կարեւոր փուլ է ապագա ֆիլմի համար, քանի որ պաշտպանելով սեփական նախագիծը` հեղինակն ինքն է ոգեւորվում ու իր համար հստակեցնում իր գործը: Նա պիտի կարողանա համոզել, վարակել իր նախագծով հանձնաժողովին: Եթե համոզեց, ինքն էլ է համոզվում:

Քանի դեռ նախագծերը չեն արժանանում պրոֆեսիոնալ հանձնաժողովի գնահատականին ու բաց քննարկումներով չեն անցնում (այդ թվում նաեւ լրագրողների մասնակցությամբ), մենք շարունակելու ենք ծածկադմփոցով ֆինանսավորել կինոն: Իսկ ծածկադմփոցով արված գործը երբեք արվեստ չի դառնում:

Վավերագրական կինոյում ավելի շատ են հաջող նմուշները, քան խաղարկային կինոյում: Ինչո՞ւ:

Վավերագրական ֆիլմը կարող է երեւույթ դառնալ, քանի որ ամեն դեպքում դրա ստեղծման համար ավելի քիչ գումար է հարկավոր, քան խաղարկային ֆիլմի: Եվ հետո էլ` շատ բան պայմանավորված է հեղինակի անհատականությամբ: Երբեմն անհատականությունը հենց ամենաորոշիչն է:

Մեր վավերագրական ֆիլմերը հաջողություն ունեն, բայց այդ հաջողությունը կարող է շատ ավելի մեծ լինել, եթե արտադրության ու ցուցադրման պրոցեսը համակարգված լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել