Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դեռևս ընթացքի մեջ է, սակայն հավաքականների գերակշիռ մասն արդեն իսկ ավարտել է ելույթները: Դրանցից է նաև Ալժիրի հավաքականը, որը ոչնչով չզիջեց առաջնության ֆավորիտների շարքին դասվող Բելգիայի և Ռուսաստանի հավաքականներին. և թեև 1/8 եզրափակիչում լրացուցիչ ժամանակում զիջեց Գերմանիայի հզոր հավաքականին, սակայն ցուցադրեց փայլուն խաղ և ցույց տվեց լավագույն արդյունքն իր 57-ամյա պատմության մեջ:
Եվ ահա, Ալժիրի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վերադարձան հայրենիք, ուր իրենց դիմավորեցին ազգային հերոսների պես: Երկհարկանի ավտոբուսով ֆուտբոլիստները պտտվել են մայրաքաղաք Ալժիրի փողոցներով, ուր նրանց ողջունել են հազարավոր մարդիկ:
Ալժիրի հավաքականի ելույթները դարձել են երկրում տոնակատարության առիթ: Սակայն պարզվեց, որ լավ արարքներով ֆուտբոլիստներն ունակ են զարմացնել ոչ միայն խաղադաշտում: Նրանք 1/8 եզրափակիչ դուրս գալու համար իրենց տրվելիք պարգևավճարները ամբողջությամբ փոխանցել են Գազայի հատվածի բնակիչներին (Կամերունի և Գանայի հավաքականների ֆուտբոլիստներ, լսո՞ւմ եք: Ուրիշները հրաժարվում են, իսկ Ձեզ համար ինքնաթիռով գումար էին ուղարկում Բրազիլիա): «Այդ գումարը նրանց ավելի է պետք, քան մեզ», - կարճ ու հստակ բացատրել է առաջնության հերոսներից մեկը՝ Ալժիրի հավաքականի հարձակվող Իսլամ Սլիմանին: 
Նախօրեին լուրեր տարածվեցին, թե Ալժիրի հավաքականին այս փայլուն նվաճման հասցրած բոսնիացի գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչը իր պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ թողել է իր պաշտոնը ու նոր մարզիչ է նշանակվել: Իրավիճակին անմիջապես արձագանքել է Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան՝ խնդրելով Հալիլհոջիչին շարունակել աշխատանքը հավաքականում: Նախագահի նախաձեռնությանն անմիջապես սատարել են միլիոնավոր ալժիրցիներ կազմակերպելով ստորագրահավաք: 
Հիշո՞ւմ եք, ոչ վաղ անցյալում մեզ մոտ էլ կար «ազգովի խնդրելու» գաղափարը: Ալժիրցի ժողովուրդը պատկերավոր ցույց տվեց, թե որ դեպքում և ում իսկապես կարելի է ու պետք ազգովի ինչ-որ բան խնդրել: Իսկ ֆուտբոլիստները, բացի փայլուն խաղից և միասնությունից, դրսևորեցին նաև համաարաբական համերաշխության սքանչելի օրինակ:
Մեզ էլ չէր խանգարի ալժիրցիներից սովորել …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել