Թուրքիայի վարչապետ և նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է մի շարք հետաքրքիր քայլեր՝ թուրքական աղբյուրների պնդմամբ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով:
Քայլերից առաջինն էր, իր բառապաշարով ասած, «1915թ. դեպքերի ընթացքում զոհված հայերի» ժառանգներին ցավակցական ուղերձ հղելն էր, որում 1915թ. դեպքերը արտացոլված էին որպես «համատեղ ցավ»։
Սակայն Էրդողանը, բնականաբար, այդքանով չպիտի սահմանափակվեր: Եվ ահա, ըստ Taraf թուրքական պարբերականի, նա հանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը։ Ըստ Taraf-ի՝ Նախագահի ընտրություններին ընդառաջ նա ջանքեր է գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և այդ կերպ ձեռնարկել է իր երկրորդ քայլը։
Ավելին, պարբերականը նշում է, որ դեռ 1993 թվականից ի վեր փակված հայ-թուրքական սահմանը բացելուն ուղղված աշխատանքների մեկնարկի հանձնարարականն արդեն տրվել է։
Taraf-ը հայտնում է, որ այդ հարցի հետ կապված վատթարացել են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Բարաք Օբաման Էրդողանի փոխարեն իր բանակցությունները վարում է անմիջականորեն նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, ինչը, բնականաբար, չի կարող բավարարել հնարավոր ապագա Նախագահին։
Այսպիսով՝ կա կարծիք, որ սահմանի բացումը կարևոր կլինի ոչ միայն հայ-թուրքական, այլև թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման տեսակետից։
Ճիշտ է, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանցի լրագրողների հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ սահմանը սեպտեմբերին բացելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Սակայն պաշտոնական հերքում դեռևս չկա:
Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ հարցը դեռևս բաց է: Մի կողմից՝ Թուրքիան չի ցանկանա վատթարացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, սակայն մյուս կողմից, նրան որևէ պարագայում չի կարելի շատ լուրջ հակադրության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ՝ հաշվի առնելով թե´ իր՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը և թե´ ռազմավարական շահերը:
Ուստիև չի բացառվում, որ այդ լուրերը արձագանքը շոշափելու նպատակ ունեն, և եթե բացասական արձագանքը շատ մեծ չլինի, ապա սահմանի բացումը, նույնիսկ եթե ոչ սեպտեմբերին, ապա ոչ հեռավոր ապագայում կարող է և տեղի ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել