Օրերս լուր տարածվեց, որ փրկարար ծառայության աշխատակիցները, ահազանգով մեկնելով դեպքի վայր, Երևանի Շերամի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են «Շահմար» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Եղանակի տաքանալուց հետո նմանատիպ լուրերի պակաս չի զգացվում: Շաբաթական երկու-երեք անգամ հրապարակվում են Երևանի այս կամ այն հատվածում օձերի, կարիճների, մողեսների հայտնաբերման մասին:
Սա կարող է նշանակել միայն մեկ բան՝ սողունները աստիճանաբար լքում են իրենց արեալը ու ներթափանցում խոշոր բնակավայրեր, տվյալ դեպքում՝ մայրաքաղաք: Իսկ պետության և մասնավոր սուբյեկտների կողմից վարվող անհեռատես և անխնա բնապահպանական քաղաքականության և մեզնից յուրաքանչյուրի անփույթ վերաբերմունքի հետևանք է:
Սողունները, որպես կանոն, սիրում են չոր կլիմա և անապատային գոտիներ: Այլ կերպ ասած՝ Երևանը կանաչապատ տարածքներից զրկվելու «շնորհիվ» հետզհետե անապատացվում է: 
Իհարկե, բնապահպանները պարբերաբար ահազանգում են հարցի կարևորության վերաբերյալ, նախազգուշացնում հնարավոր հետևանքների մասին: Բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում: Կանաչ տարածքները հետզհետե պակասում են, իսկ պատկան մարմինները պատշաճ ջանքեր չեն գործադրում: Իսկ կիզիչ արևն ու մարդը շարունակում են համատեղ ջանքերով խաթարել օձերի անդորրը: Իր դերն այդ գործում ունի նաև կլիմայի փոփոխությունը՝ իրեն բնորոշ համամոլորակային տաքացմամբ:
Ժամանակին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնեց մի հետաքրքիր միտք՝ «Եթե բոլորն իրենց տեղում լինեն և աշխատեն ինչպես հարկն է, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կարիքը չի զգացվի»: Եվ իսկապես, քանի դեռ պատկան մարմինները, տնտեսվարողները և մեզնից յուրաքանչյուրն իր տեղում չէ, այն է՝ կամ փորձում է խաթարել կենդանական աշխարհի բնականոն կենսակերպը, կամ էլ պատշաճ ձևով չի կանխում նմանատիպ դրսևորումները, մենք կշարունակենք ապավինել բացառապես փրկարարների արհեստավարժությանն ու պատրաստվածությանը:
Մի´ մտեք այնտեղ, ուր Ձեզ չեն սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել