ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ԿԱԶՄԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

(Այս գրությունը արձագանքում է մի ֆեյսբուքյան նախաձեռնության, որը նպատակ ունի ի մի հավաքել երկրի սավաթիվ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ…)

ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐԵՆ ՄԵԶ - սրա պատասխանը տալու վրա է ծախսվում մեր ազգային ներուժը: Իսկ որքա՛ն ուժ ու միջոցներ են ծախսվում իշխանության բոլոր ճյուղերի պահպանման համար. – ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ սիրում է լավ կյանք, և մենք՝ նրա սիրառատ ծնողը, ամեն ինչ անում ենք մեր աննման որդու ապրուստն ապահովելու համար:

Որ այսպես անհնար է այլևս ապրել՝ գիտեն բոլորը: Նաև մեր բոլոր ժառանգական ու ձեռքբերովի բարեմասնությունները կրող հայրենի իշխանությունը:

Բարեկամներ, ես այսօր եկել եմ պատասխանելու այդ հարցին, թե իրապես ՈՎՔԵ՜Ր ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐԵՆ ՄԵԶ: Եվ ԻՆՉՊԵ՜Ս պետք է կառավարեն – որ մենք ունենանք արդար և ուժեղ պետություն: Ներեցեք անհամեստությանս, բայց ես, և ոչ միայն ես, ԳԻՏԵՆՔ այս հարցերի պատասխանը: Խնդրանք ունեմ՝ մի քանի րոպեով – գոնե ձեր անձնական վիրտուալ տարածքում – լուծարե՛ք կուսակցությունները և նրանց ԱԺ խմբակցությունները, փակե՛ք հեռուստատեսությունները և մյուս ԶԼՄ-ները, սառեցրե՛ք ֆեյսբուքյան տենդը, կիսատ թողե՛ք սկսած ստատուսներն ու քոմենտները, դադարեցրե՛ք քաղաքական կեղծ ու անկեղծ վեճերը և լսե՜ք ինձ – ամեն օր Հայաստանում այսպիսի նորություն չի լինում…

Եվ պետք է զգուշացնեմ – ՊԱՏԱՍԽԱՆԸ ընկալման համար կարող է այնքան դյուրին չլինել, թեկուզ պարզ է լինելու, ինչպես արևի լույսը… Հայտնի է, մարդիկ առավել դժվար հասկանում ու ընդունում են են պարզ բաները:

Եվ այսպես – ՄԵԶ ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐԵՆ ՇԱՏ ՔԻՉ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ, որոնք գիտեն, թե կյանքի յուրաքանչյուր ասպարեզում Ի՜ՆՉՆ Է ԳԵՂԵՑԻԿԸ: Այս հատկանիշը՝ ՏԵՍՆԵԼ ԳԵՂԵՑԻԿԸ, տրված է լինում հազվադեպ մարդկանց, ավելի ստույգ՝ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ, որոնք ճանաչում են Կյանքի Գեղեցկությունը և ամենակարևորը՝ գիտեն ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԻ գոյության մասին, գիտեն ԱԿՈՒՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ… Բերեմ մի օրինակ – ո՜վ կարող է լինել այդպիսի մի մարդ և ինչպե՜ս նա կկառավարի իր ասպարեզը: Դանիել Երաժիշտը – մեր խորունկը, բարձրը, սրբակենցաղը, մեր երաժշտարվեստի կրողն ու հետազոտողը: Օ՛, ո՛չ, նա մշակույթի նախարար չի լինելու… Թող նախարար մնա նույնիսկ այսօրվա նախարարը – նա շաբաթը մեկ անգամ կհագնի իր ամենահամեստ զգեստը, կօծանվի մի խոնարհ օծանելիքով, աջ ձեռքը կդնի սրտի վրա, որ զսպի սրտի բաբախյունը, քանզի այցի է գնալու Դանիել Երաժշտին… Եվ նրան կտա նախօրոք պատրաստած հարցերը, և կստանա պատասխաններ, թե նախարարության քայլերի ու պլանների մեջ Ի՜ՆՉՆ Է ԳԵՂԵՑԻԿ: Եվ եթե նախարարը հիշի այն դեպքը, երբ Հանրապետության հրապարակը տրվեց ոմն ռաբիս երգչի՝ որպես դահլիճ, և կփորձի մի անգամ էլ նույնանման մի բան անել – ահա, Դանիել Երաժիշտը նրան կասի՝ ԴԱ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ… Եվ վերջ: Նաև երաժշտարվեստի երևույթների անաչառ գնահատում՝ Հայ և Համամարդկային մշակույթների լույսի տակ: Այսպիսի պարզ ու հստակ քաղաքականություն՝ այս անտիրացած ասպարեզում: Եթե մենք վստահենք այս Մշակութային Զորավարին, – իսկ նա մենակ չէ, դուք գիտեք մեր Մշակութային Զորավարների փաղանգը, – ապա կշահենք հակամշակույթի դեմ մեր մղած ճակատամարտը, և Հայաստանը մի քանի տարում կդառնա ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ:

Մի օրինակ ընթացիկ քաղաքականության ասպարեզից, որին առնչվել եմ: Հիշում եք 2007-ի վերջը և 2008-ի սկիզբը, մարտի մեկը դեռ առջևում է… Ընթացքի մեջ է Առաջին նախագահի «ռեաբլիտացիան», գրագետ ու տրամաբան խոսքի կարոտ երիտասարդությունը աստվածացնում է նրան: Այս օրերին մեկ-երկու ֆորումում գրում եմ՝ իր գործունեության մեջ որևէ սխալ, էլ չեմ ասում՝ զանցանք ու հանցանք արած որևէ մեկը, մտնում է Զղջման Օրենքի ոլորտ, որը Տիեզերքի Էթիկական Օրենսգրքից է - և պետք Զղջում բերի իր կատարած սխալների համար, մաքրվի և իրավունք ստանա գործունեության շարունակման: Եվ գրում էի՝ առանց Զղջման՝ մեր Առաջին նախագահը չի կարող որևէ օգուտ բերել ոչ նոր շարժմանը, ոչ էլ իր երկրին: Այս գիտելիքը պարզ էր, ինչպես լույսը, բայց դուք գայիք և լսեիք հեղափոխական ամբոխի զայրալի հակադարձումը - ոչ համեստ անձիս, այլ…Տիեզերքի Օրենքին: Մի ժողովուրդ նորից զանց առավ Տիեզերքի Օրենքները, և վճարեց թանկ արյունով, ժողովրդական ներուժի հսկայական մսխումով: Իսկ ԶՂՋՄԱՆ ՕՐԵՆՔԸ սպասում է բոլորիս… Այն ԳԵՂԵՑԻԿ ՕՐԵՆՔ է…

Լավ, մի օրինակ էլ բերենք տնտեսության ասպարեզից… Ո՞վ կհիշի՝ Գյումրի-Երևան մայրուղու երկու կողմը փռված Շիրակի դաշտերը, երբ հողի միջից երևում էին շաքարի ճակնդեղի կլորիկ ու սպիտակ պտուղները: Այդպես խոշոր, պտղալի, մայրորեն քաղցր կարող է լինել միայն հղի կնոջ որովայնը, որքա՛ն անմեղ ու գեղեցիկ էին բացված պտուղները: Մայր հողը աշխատանքով ապահովում էր հազարավոր մարդկանց, աշխատում էր Սպիտակի շաքարի գործարանը: Եվ եթե մեր երեք նախագահներից մեկը հիշեր Շիրակի դաշտի այդ իդիլիական պատկերը, ինքն իրեն ասեր՝ Ի՛ՆՉ ԳԵՂԵՑԻԿ ԷՐ, ապա կհետևեր տնտեսական որոշումը, դաշտը նորից կպտղաբերեր, հազարավոր մարդիկ աշխատանք կստանային… Այդպես չեղավ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ չգործեց, դրանից տուժեց մեր նորաստեղծ պետականությունը: Հայաստանի տնտեսության մեջ գործել ու գործում է լֆիկսամոյական էթիկան – ավելի «սիրուն» կլինի՝ 100 դրամով շաքարավազ ներկրել և վաճառել 300-500 դրամով, հսկայական գերշահույթ ստանալ, ի՛նչ գլխացավանք՝ ստեղծել սեփական արտադրություններ… Բայց այս երկրում չլինի՞ մի մարդ, որ հայ առևտրային անփառունակ բուրժուազիային ասի՝ քո ստեղծած տնտեսական համակարգը ԳԵՂԵՑԻԿ ՉԷ, քո էությունը ԳԵՂԵՑԻԿ ՉԷ - և այդ պսակազերծմանը կհետևի երկրի տնտեսության հայեցակետի կտրուկ նորացում, կհաղթի ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ… Եվ մեկ-երկու տարում Հայաստանը կունենա Նոր Տնտեսություն:

Եվ պատկերացրեք, ազգը իր ընդերքից հանում, բարձր ծառայության է կոչում մի տասնյակից մի քիչ ավել գործիչների, որոնք վերցնում են իրենց վրա Երկրի Բարձրագույն Էթիկական Պատասխանատվությունը, և միաժամանակ չեն տիրապետում որևէ վարչական լծակի, որևէ նյութական իշխանության, որևէ պետական ապահովման անգամ, այլ գոյատևում ու աշխատում են ժողովրդի տված նվիրատվություններով: Եվ ապահովում են Երկրի կառավարումը՝ միայն իրենց անվերապահ հեղինակության ու սիրո միջոցով: Այսպիսի մի ֆանտաստիկ Նախագծի մասին արդեն էջ կա Ֆեյսբուքում: Բայց գիտցողը գիտի, որ մենք ապրում ենք ֆանտաստիկ ժամանակներում, երբ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Ովքե՞ր են նախաձեռնողները – ես չգիտեմ, գիտեմ միայն, որ նրանց հետ է մի խորունկ հոգի, - ըստ ամենայնի, երիտասարդ մարդիկ են ու ցանկանում են գտնել այդ մեկ դյուժին ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ, որպեսզի նրանք ինքնակազմակերպման միջոցով, իրենց ոգեկանության տված ահռելի ներուժով ձևավորեն Երկրի Բարձրագույն Իշխանությունը:

Հավատավոր Հայություն, հավատում եմ Քեզ, որ քո ընդերքից կհանես այդ տասներկու զավակներին, նրանց կօժտես Բարձրագույն Իշխանությամբ, նրանց կտաս անհավատալի Ուժ, որը կլինի քո ՍԵրը, և ամեն օր հասու կլինես նրանց իմաստուն խոսքին ու որոշումներին: Եվ դրանով աշխարհում կունենաս առաջին Իշխանությունը, որ գործում է Արարչական Օրենքներով, և ձգտում է մեր երկրում ու ամբողջ աշխարհում հաստատել Արարչական Ներդաշնակություն…

Անհավատ ու փոքրատառ հայություն, որ ընդունում ես քո հազարամյա ճահճային գոյության իշխանությունը և կորցրած բնիկ մշակույթիդ ու ծագմանդ ներուժը՝ խոնարհվել ես արատներիդ առջև, որ երկրպագում ես քո իսկ ստեղծած անօրինությանը – չես համարձակվի չճանաչել քեզ փրկություն բերող ուժը, վատաբանել նրան, քո չմահավան ու գոռոզ մաղձը թափել, – չես կարող, որովհետև կմնաս առանց օգնության և քո կուտակած հարստության ու հոռետեսության հետ՝ գրողի ծոցը կգնաս… Բայց ափսո՛ս ես, հա՛յ ես – դարձի՛ր դեպի Լույսը…

Թող ձևավորվի այդ կառույցը - և երբ չի լինի ոչ մի հնար՝ դեպի նա կդառնա Հայությունը:

Անծանոթ բարեկամներ, դուք, որ նախաձեռնել եք և առաջ եք տանում այս գործը՝ Հայաստանի և Հայության ապագան փրկելու համար, կստանաք ձեր իսկ բարձր էության անկասելի օգնությունը… Դեպի՛ Վերածնություն: Դեպի՛ Հայաստանի Բարձր Կառավարչություն…

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

07 հուլիսի 2012թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել