Վերջերս հաճախ եմ մտածում ու գրում Ուկրաինայում կատարվող իրադարձությունների մասին, որովհետեւ խորապես համոզված եմ, որ դրանք ուղիղ կապ եւ ազդեցություն ունեն Հայաստանում ստեղծված ու ստեղծվող իրավիճակի վրա: Կարծում եմ, որ այնտեղ այսօր ընթանում է ոչ միայն եւ ոչ այնքան ռուս-ուկրաինական պատերազմը, կամ Պուտինի պայքարը Պորոշենկոյի դեմ, կամ անգամ Կրեմլի` ընդդեմ Մայդանի: Ուկրաինայի շուրջ աշխարհի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում հեռուստատեսության պատերազմը համացանցի դեմ: Այլ կերպ ասած` 20-րդ դարի պատերազմն ընդդեմ 21-րդ դարի: Հետեւաբար, այս առճակատման արդյունքը կանխորոշված է:
Ամերիկացիները ասում են, որ պարտվել են Վիետնամում լուսանկարիչների պատճառով, քանզի Սոնգմի գյուղի ոչնչացման եւ Նապալմով այրված երեխաների պատկերները հեղեղել էին աշխարհի մամուլն ու այնքան էին ցնցել ԱՄՆ-ի հասարակությանը, որ հակապատերազմական հսկա շարժումը ստիպեց ի վերջո Նիքսոնին կանգնեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր զորքը Վիետնամից: Սովետական արկածախնդրությունն Աֆղանստանում խստորեն գրաքննվում էր տեղական մամուլում եւ զրկված էր հասարակական բողոքի վերահսկող գործոնից, որի պատճառով էլ դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը:
Սակայն ամերիկացիները, կարծես, որոշ դասեր առան խորհրդային փորձից, եւ նրանց մյուս խոշոր ռազմական գործողությունները Իրաքում եւ նույն Աֆղանստանում արդեն լուսաբանվում էին հստակ վերահսկողության ներքո: Անել դա օգնեց այն հանգամանքը, որ պատերազմները այսուհետ դարձան միանգամայն «հեռուստատեսային», քանզի ընթանում ու լուսաբանվում էին հեռուստախցիկների ներքո եւ դրանց հսկայական ազդեցությամբ: Դա «ուղիղ եթերի» գաղափարը մարմնավորող CNN հեռուստաընկերության աստղային ժամն էր, այդ տարիներին ծնվեց թեւավոր արտահայտությունը` «գոյություն ունի միայն այն, ինչ ցուցադրվել է CNN-ով»: Վերահսկելով հեռուստատեսային պատկերը՝ աշխարհի հզորները առավել արդյունավետ կարողանում էին վերահսկել աշխարհը: Սակայն գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին, եւ մինչեւ որ հեռուստատեսային գերիշխանությունը հաղթական շքերթով գրավում էր ողջ աշխարհը, ծնվեց զանգվածային տեղեկատվության առավել հզոր ու, գլխավորը, շատ ավելի դժվար վերահսկվող մի զենք` համացանց, այսինքն՝ Internet-ը: Երիտասարդների այդ զբաղմունքն ու սեքսով մտահոգված պատանիների զվարճանքը դարձավ գերհզոր զենք, երբ դրան գումարվեցին տեսախցիկով օժտված հեռախոսները: Դա կատարվեց անչափ արագ, մեկ կարճատեւ պատերազմի ընթացքում, ու եթե, ասենք, Սադդամ Հուսեյնի արձանի գլխատումն ու տապալումը Բաղդադոմ հանդիսանում էր իրաքյան պատերազմի հեռուստատեսային խորհրդանիշը, ապա հաշված ամիսներ անց իրական Սադդամ Հուսեյնի կախահան հանելու տեսարանն արդեն խորհրդանշեց նոր, համացանցային իրականության սկիզբը, քանզի չեր կարող ցուցադրվել հեռուստատեսությամբ եւ փոխարենը կայծակնային արագությամբ տարածվում էր համաշխարհային «սարդոստայնով»:
Այսուհետ, մարդկության մասնավոր կյանքը գրեթե վերացավ՝ դառնալով հանրային, իսկ հանրային կյանքը` քաղաքականությունից մինչեւ պատերազմ, դարձավ մասնավոր: Հեռախոսով ցանկացած մարդ եւ համակարգիչ ունեցող յուրաքանչյուր մեկը, այսինքն` մարդկության մեկ երրորդը հետայսու կարող են նկարահանել, մեկնաբանել, եւ տարածել ցանկացած տեղեկություն ողջ աշխարհով մեկ: Այսպես քանդվեց ցանկացած իշխանության ամենահին ու ամենակարեւոր մենաշնորհը` լրատվականը: Իհարկե, այս ամենը չի կատարվում անմիջապես եւ պետք չէ մոռանալ բնակչության մնացած երկուերրորդի մասին, որոնք դեռեւս ապավինում են հեռուՍՏԱտեսությանը, իբրեւ իրենց տեղեկատվության հիմնական ու հաճախ միակ միջոցի: Պուտինյան Ռուսաստանը վերջերս ապացուցեց, որ հին զենքը նույնպես կարող է լինել շատ արդյունավետ, ինչպես 1947 թվականից գրեթե անփոփոխ մնացած Կալաշնիկովի գնդացիրը: Ռուսական հեռուՍՏԱտեսությունը այս ամիսներին գերազանցեց ապատեղեկատվության, անամոթ կեղծիքների ու ատելության քարոզի բոլոր չափանիշները, որոնք մնացել էին որպես նմուշ ֆաշիստական Գերմանիայի տարիներից: Սակայն որքան էլ հաջող չկատարեր «կիսելյովյան» քարոզամեքենան ռուս ժողովրդի զոմբիացման ու վայրենացման չար աշխատանքը, այն շուտով դեմ-հանդիման եկավ սկզբից թույլ, բայց օրեցօր ուժեղացող ուկրաինական համացանցային դիմադրությանը: Այս առումով, պատմության մեջ իր տեղն ապահովեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար հայազգի Արսեն Ավագովը, որը կարծես թե առաջին քաղաքական գործիչն է, ով ֆեյսբուքի ու թվիթերի էջերում պարբերաբար կիսվում է կատարվող զինվորական գործողությունների մասին ու ամենօրյա հաշվետվություն է տալիս ընթացող պատերազմի վերաբերյալ: Այսինքն, «հեռուստատեսային» պատերազմը արդեն փոխարինվել է «համացանցային» պատերազմով: Ահա թե ինչ նկատի չառան իրենց հաշվարկներում կրեմլյան քաղտեխնոլոգները, ահա ինչու են նրանք պարտվում քարոզչական ճակատում, եւ ահա ինչու պուտինյան Ռուսաստանը անխուսափելիորեն տանուլ է տալու ավագովյան, մայդանական, նոր ու երիտասարդ Ուկրաինային: Քանզի հեռուստացույց նայող մարդիկ միշտ պարտվելու են գիրք կարդացող եւ համացանցից օգտվող մարդկանց: Կեցցե ազատությունը, կեցցե համացանցը: Մենք նույնպես կհաղթենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել