Tert.am-ը գրում է.

Հայաստանում միջին կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձրացել է և շարունակում է բարձրանալ: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ որևէ քայլ չձեռնարկելու դեպքում ոչ ուշ ապագայում Հայաստանում նկատվելու է ջրային ռեսուրսների դեֆիցիտ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, փորձագետ Արամ Գաբրիելյանը։

«Քսան տարի առաջվա համեմատ, երբ ընդունվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, Հայաստանում այսօր միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 1 աստիճան, իսկ տեղումները կրճատվել են 10 տոկոս։ Սա համաշխարհային մակարդակով օգտագործվող մոդելով հաշվարկված պաշտոնական թվեր են։ Ըստ այդ կանխատեսումային մոդելի, եթե համաշխարհային մակարդակով ոչ մի քայլ չձեռնարկվի կլիմայի փոփոխության ընթացքը մեղմելու ուղղությամբ, ապա ՝ 2030թ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում օդի միջին կլիմայական ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, 2070թ-ին մոտ 3 աստիճանով, իսկ 2100 թվականին 4-5 աստիճանով»,– ասաց նա։

Արամ Գաբրիելյանը բացատրեց, թե նման վատագույն սցենարի իրականացման դեպքում Հայաստանի տարածքի կլիման կնմանվի հարևան Իրանական սարահարթի կլիմային։

«Հայկական Լեռնաշխարհը, որի հյուսիսարևելյան մասում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, միջին հաշվով բարձր է հարևան Փոքրասիական ու Իրանական սարահարթերից մոտավորապես 600-800 մ։ Դա արտահայտվում է մոտավորապես 5 աստիճան ջերմաստիճանի տարբերությամբ։ Այսինքն, եթե մեր մոտ իսկապես պետք է ջերմաստիճանը բարձրանա մինչև 5 աստիճան,իսկ դա վատագույն սցենարն է, ապա մենք կունենաք այնպիսի կլիմայական պայմաններ, ինչպես հիմա Իրանական սարահարթում է»,-նշեց նա։

Մասնագետը բացատրեց, որ ջրի դեֆիցիտի խնդիրն արդեն իսկ նկատելի է Հայաստանում։ Ըստ նրա՝ եթե ջերմաստիճանը բարձրանում է, միաժամանակ էլ տեղումները պակասում են, ստացվում է գետային հոսքն էլ է պակասում, քանի որ գետային հոսքը տեղումներից է ձևավորվում:

«Մի կողմից տեղումներն են պակասել, մյուս կողմից էլ տեղումների ավելի շատ մասն է գոլորշիանում, որովհետև ջերմաստիճանը բարձր է: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գետային հոսքի վրա կրկնակի ազդեցություն է լինում: Միաժամանակ էլ աճում է ջրի պահանջարկը, քանի որ չորային է դառնում կլիման։ Այսինքն՝ մի կողմից ջրի պահանջարկն է շատանում, մյուս կողմից էլ առաջարկն է քչանում»,– նշեց նա:

Արամ Գաբրիելյանի խոսքով՝ այդ երկու գործոնի արդյունքում ընդհանուր դեֆիցիտը 20-30%-ն անցնում է, թեև դա չի վերաբերում բոլոր վայրերին։ «Այսինքն՝ բարձր լեռնային շրջաններում, որտեղ գյուղատնտեսությունը անջրդի է, տեղ-տեղ ոռոգման պահանջարկ կառաջանա, իսկ այն տեղերը, որտեղ շատ ջրի պահանջարկ կա, ինչպես օրինակ՝ Արարատյան դաշտում, ջրի պահանջարկը է՛լ ավելի շատանալու է»,- ասաց նա:

Մասնագետը հավելեց, թե այսպիսի հեռանկարում նույն թափով արտեզյան ավազաններից ջուր վերցնելը վտանգավոր է։ «Արտեզյան ավազանի ջրերը ձևավորվում են շրջապատող լեռներում տեղումներից ներծծված ջրերի ստորգետնյա ներհոսքից: Եթե տեղումները պակասեցին, արդեն արտեզյան ավազան եկող ջուրն էլ կպակասի, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ավելի քիչ ջուր վերցնենք այդ ավազանից, որ հավասարակշռությունը պահպանենք: Հիմա, եթե օրինակ, Արարատյան արտեզյան ավազանը կարող է տալ, ասենք, 50 մլն խմ ջուր, ապա արդեն մի քանի տասնամյակ հետո մեզ համար մատչելի կարող է լինել ընդամենը 30 մլն-ը: Այսինքն՝ արդեն այնտեղ էլ պակասեց»,- ասաց նա։

Արամ Գաբրիելյանն անցավ նաև Սևանի խնդրին։ Ըստ նրա, կլիմայի փոփոխությունից Սևանի ջրային հաշվեկշիռն էլ կփոխվի: Ավելի շատ ջուր կգոլորշիանա նրա մակերեսից և զուգահեռ տեղումների պակասն էլ չի լրացնի ջրի պաշարը։ «Այսինքն՝ լճի օգտակար ջրատվությունը, ոռոգման համար մասնաբաժինը, ևս կպակասի: Այդ ամենը կբերի նրան, որ մենք ջրի դեֆիցիտ ենք ունենալու նաև այս դեպքում։ Որքան մենք շուտ սկսենք հարմարվել այդ ապագա կլիմայական պայմաններին, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները, այնքան լավ»,- ընդգծեց նա։

Մասնագետը նկատեց, թե նման անցանկալի հեռանկարը կանխելու համար կան զանազան տեխնոլոգիական ու կազմակերպչական բնույթի լուծումներ: Ներկայումս մշակվում է կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումների ծրագիր, որը ներկայացվելու է ՀՀ կառավարության քննարկմանը 2015թ.-ին: Որքան շուտ սկսվեն իրականացվել այդպիսի միջոցառումներ, այնքան լավ։ Թեև, նրա խոսքով, խնդիրը ոչ միայն Հայաստանինն է, այլ աշխարհինը։

«Սա, իհարկե, համաշխարհային բնույթ է կրում, բայց մեր դեպքում, մասնավորապես ջրերի խնայողության համար պետք է բնապահպանները Կառավարության հետ ոչ թե վեճի բռնվեն, այլ այս ամբողջ փաստերն աչքի առաջ ունենալով ՝ աշխատեն ժամ առաջ այդ գործը սկսել, որ հետո ուշ չլինի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել