Tert.am-ը գրում է.

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պլանային նորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի սկզբից սկսած 45 օրով կդադարեցնի աշխատանքը: Այս մասին հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքը:

Հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը:

Ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված կայանի աշխատանքի դադարեցմանը՝ նախարարն ասել է, որ պետք է փորձեն հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ հետևանքներ է ունենում:

«Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ասել է նախարարը և վստահեցրել նաև, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակագները բարձրացնելիս արդեն իսկ հաշվարկել էր նաև այդ աշխատանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել