Երեկ Մոլդովայի խորհրդարանը ձայների կողմ՝ 59, դեմ՝ 4 հարաբերակցությամբ վավերացրեց Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը: Թե ինչ նկատառումներով դա արվեց, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այս գործում մեծ դերակատարում են ունեցել Ռումինիայի հետ միավորվելու և այդպիսով Եվրամիության կազմում ընդգրկվելու կողմնակիցները: 
Իհարկե, այդ մոտեցումը Ռուսաստանի կողմից չէր կարող թողնվել անարձագանք: Չէր կարող թողնվել այն պարզ պատճառով, որ, դասականի խոսքերով ասած, «տառապանքս փորձ ունի», և քանիցս խաբված լինելով իր արևմտյան «գործընկերների» կողմից, այլևս պարտադրված է նմանատիպ երևույթներին կոշտ արձագանքելու: Բնականաբար, այդ նպատակով պիտի օգտագործվեր Մոլդովայի ամենախոցելի կետը՝ Մերձդնեստրի խնդիրը: 
Եվ Ռուսաստանի արձագանքը չուշացավ՝ հենց նույն օրը Մոսկվայում ստորագրվեց համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին Ռուսաստանի և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության միջև: Թեև համաձայնագիրը կրում է տնտեսական բնույթ, սակայն բարդ է թերագնահատել այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը: Այն կարելի է համարել թե´ ինչ-որ տեղ Մերձդնեստրի փաստացի ճանաչում և թե´ վերջին նախազգուշացում Մոլդովային: 
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերևա հետագայում, սակայն փաստ է, որ բոլոր պարագաներում Մոլդովան կկանգնի լրջագույն մարտահրավերների առջև: Մասնավորապես, հանդիսանալով Եվրոպայի ամենաղքատ երկիրը, այն պետք է նկատի ունենա ռուսական շուկայի հնարավոր կորստի հավանականությունը, քանզի Մոլդովայի արտահանման կարևորագույն ապրանքներից մեկը՝ գինին, սպառվում էր հիմնականում Ռուսաստանում: Եվրոպայում դրա սպառման հավանականությունը չափազանց փոքր է, քանզի այնտեղ, որպես կանոն, սպառվում է ֆրանսիական գինին, և նույնիսկ գինեգործության պատկառելի ավանդույթներ ունեցող Հունաստանը այդ հարցում մեծ խնդիրներ է ունենում:
Միևնույն ժամանակ պարզ է դառնում, որ Ուկրաինայից հետո Մոլդովան դառնում է Ռուսաստանի և Եվրոպայի շահերի բախման երկրորդ ասպարեզը: Այս «ճակատամարտում» հաղթողի անունը ոչ միայն դեռևս հայտնի չէ, այլև պարզ է, որ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Սակայն, անկախ ելքից, տուժողի դերում կլինի շարքային մոլդովացին:
Միով-բանիվ, ակնհայտ է, որ որդեգրած ուղին Մոլդովայի համար հղի է ինչպես տնտեսական, այնպես էլ տարածքային կորուստներով: Սակայն սա նաև չի նշանակում, որ Մոլդովան այդ նկատառումներով պիտի բռներ դեպի Եվրասիական միություն տանող ճանապարհը: Մոլդովայի և ոչ միայն Մոլդովայի համար այս հարցի իրական լուծումը չեզոքությունն է:
Ինչպես ասում են՝ ձին ու ջորին կռվում են, մեջտեղ էշն է տուժում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել