Ամեն օր ստիպված եմ լինում Հայաստանը վատաբանող խոպանչիներին հասկացնել, որ երկրից դուրս գալը ձեր իրավունքն է, բայց անընդհատ գորշ գույներով ներկայացնել ու հայհոյել սեփական երկիրը, մեղմ ասած, անտանելի երևույթ է: Ահավոր վատ զգացի, որ դեռ Երևանի օդանավակայանում տգետ խոպանչիների մի ամբոխ ամենավերջին հիշոցներով սկսեցին խոսել Հայաստանի մասին զուտ այն պատճառով, որ պայուսակների փաթեթավորման համար, ընդ որում նախքան փաթեթավորումը, աշխատակիցը պահանջեց 2500 դրամ: Ես նկատողություն արեցի, որ ինքներդ կարող էիք ամենասովորական սկոչով փաթեթավորել՝ միանգամայն անվճար: Տգետներից մեկը, կրկին հայհոյելով Հայաստանը, նետեց՝ բա Ռուսաստանին հալալ չի՞: Երբ հիշեցրի, որ նույն Ռուսաստանում այդ ծառայությունը 500 ռուբլի է, այսինքն 6000 դրամից ավելի, սկսեցին երգել Սերժի՝ սաղ փողերը Ղարաբաղում ծախսելու և այլ ծեծված թեմաների մասին...
Սա մեկ մասնավոր դեպք էր և չէի անդրադառնա, եթե բառացիորեն նույն պատկերը չլիներ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Ամսեկան 25.000 ռուբլիով բառացիորեն կղկղանք հավաքող մասսան կարծես հատուկ գործուղվել է Հայաստանի մասին նեգատիվ տարածելու համար (ի դեպ, գրազ կգամ, որ ռուսաստանյան միջին հայ խոպանչի բանվորի աշխատավարձը նա հանգիստ կարող է վաստակել Հայաստանում, իր տանը, բայց դա ուրիշ թեմա է՝ մոտ օրերս կանդրադառնամ): Ռուսաստանը պայծառ է, ընտիր, Հայաստանի մասին խոսում են միայն լուտանքներով: Ընդ որում, ես իր երկրի մասին օտարի մոտ այդպես գարշելի արտահայտվող վրացի և ադրբեջանցի չեմ տեսել... Մոլդովայում արտագաղթը քառապատիկ ավելի էր, քան Հայաստանում, բայց ես իր երկիրը հայհոյող մոլդովացի չտեսա...
Հիմա կասեք՝ երկիրը հասցրին այն վիճակի, որ մարդիկ մի կտոր հացի համար բլյա, բլյա, բլյա... Այո, կա այդպիսի բան, և այդպիսի բան կա աշխարհի երկրների 95 տոկոսում: Որպես կանոն «Հայաստանը երկիր չի, այլևս հետ չեմ գա, բա ըստեղ լավ չի և այլն» ասող մասսայի 95 տոկոսը թողել է իր նորմալ տուն-տեղը, ապրում է գոմերում, ցեմենտի պարկերի վրա և անում է այնպիսի աշխատանք, որ Հայաստանում կարելի էր անել և ապրել քաղաքակիրթ պայմաններում: Ես տասնյակ առավելություններ կարող եմ շեշտել, որ ունի Հայաստանը՝ համեմատած շատ ու շատ մեր երկրից զարգացած պետությունների հետ: Ես օտարների հետ զրույցում միշտ շեշտում եմ այդ առավելությունները, որովհետև ողբն ու սեփական պետությունը վատաբանելը գարշանք է առաջացնում: Իդիոտների մի խումբ օրեր առաջ այնպիսի երանությամբ էին մլավում, որ շուտով Ալիևը գրավելու է Հայաստանը, որովհետև բոլորը երկրից փախչում են (սա ասվում էր օտարների մոտ), որ ստիպված էի ինձ ոչ հարիր բառապաշարով բոլորին իրենց տեղը դնել և հիշեցնել, որ ընդամենը օրեր առաջ մեր զինվորները նոր անվտանգության պատ են նվաճել Նախիջևանում...
Եվ, ցավոք, այս աղբն ու զիբիլը, որ տարածում են ամենուր, ինձ հիշեցրեց հայկական ֆեյսբուքը: Ես տեսա գրեթե նույն ձեռագիրն ու ոճը: Նույն խոպանչիական մտածելակերպը, նույն տափակ, անմակարդակ քարնետոցին: Բանականության հատիկը լրիվ կորցրել ենք, ժողովրդից ցեղախմբի ենք վերածվում...
Այո, Սերժ Սարգսյանը վատ կառավարիչ է և պետք է հեռանա՝ իր ամբողջ վարչախմբով: Բայց սա շատ քիչ կապ ունի այն ամենի հետ, ինչի մասին ես խոսում եմ: Որովհետև փաստացի Սերժ Սարգսյանի դեմ պայքար գոյություն չունի, քաղաքական դաշտը ամբողջովին հեռու է իշխանափոխության ճանապարհից, և քաղաքական ու հասարակական միտքը զբաղված է գարշանք տարածելով (բացառությունները, իհարկե, չհաշված)...
Որովհետև հայհոյելը, գռեհկաբանելն ու սեփական երկիրը վատաբանելը մեզ մոտ դարձել են հերոսացման՝ պատասխանատվություն չենթադրող նախապայմաններ, իսկ այ թեկուզ զրկանքների ու սեփական ես-ը հարվածի տակ դնելով իշխանափոխություն կամ լրջագույն փոփոխություններ պարտադրելը՝ անհաղթահարելի խնդիր:
Հայհոյանքին ծափ տալն ու Օսիպյանի հետ լուսանկարվածներին հիացած քոմենթելը ձրի պոպուլյարություն է ապահովում...
Կոնկրետ գործողություններում՝ քյար չիք...

Հ.Գ. Ապագայի քոմոնեթչիների համար ասեմ, որ Ռուսաստանում և ամենուր կան միանգամայն օրինավոր, հայրենասեր և արժանապատիվ, այսպես կոչված, խոպանչիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել