Էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների սակագները որոշելիս առանցքային դեր ունի սակագների հաշվարկման մեթոդաբանությունը: Այսինքն՝ ինչ մեթոդաբանությամբ հաշվարկես սակագինը, այդպիսի թիվ էլ կստանաս: Այդ մեթոդաբանությունը սահմանվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Ու հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը:
Օրինակ` ջերմաէլեկտրակայանները էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործում են բնական գազ, որը գնում են այդ բնական գազը ներմուծողից, որը, անշուշտ, իր վաճառած գազից ունի շահույթ: Ջերմաէլեկտրակայանն այդ գազից ստանում է էլեկտրաէներգիա և այն վաճառում բաշխիչ ցանցերին, իր էլեկտրաէներգիայի ինքնարժեքում ներառելով գազի արժեքը, այսինքն՝ այդ գազի հաշվին ջերմաէլեկտրակայանը ևս ստանում է շահույթ: Վերջապես, բաշխիչ ցանցերն այդ էլեկտրաէներգիան վաճառում են վերջնական սպառողին (այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրին) և իրենց սակագնում ներառում են իրենց գնած էլեկտրաէներգիայի արժեքը՝ այն ևս դարձնելով իր շահույթի աղբյուր:
Արդյունքում ստացվում է, որ նույն բնական գազից երեք սուբյեկտներ երեք անգամ ստացան շահույթ: 
Պատկերը պարզ կդառնա, եթե կատարենք պարզ թվաբանական հաշվարկ՝ սահմանի վրա 1000 խմ գազը գնվում է 189 ԱՄՆ դոլարով, ինչը համարժեք է 77.490 դրամի: 1000 խմ գազից ջերմակայանում միջինը ստացվում է 4000 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Վերջնական սպառողի գերակշիռ մասի համար սակագինն է 41.85 դրամ, այսինքն՝ 4000 կՎտ/ժ արժեքն է 167400 դրամ: Այսպիսով՝ էներգակրի արժեքի տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի վերջնական սակագնում կազմում է առավելագույնը 46.5 տոկոս:
Այստեղ են ասել՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել