Ուրեմն՝ վերջապես գազօջախիս հարցը լուծեցինք և ոգևորված շտապեցինք այն տեղադրել. ու անակնկալը հենց այդ տեսքով է լինում ` գազի հաշվիչ սարքը չկար: Առանց զգուշացնելու, առանց հարցնելու՝ Նոր Նորք վարչական տարածքի մասնաճյուղի գազի տեսուչի գլխավորությամբ, պետի հրահանգով, որոշում են, որ այն ինձ այլևս պետք չէ, քանի որ չէի օգտվում գազից և տեսուչին խնդրել էի գազը անջատել, սակայն կանխավ վճարել էի մեկ տարվա սպասարկման վարձը:
Հարցիս, թե ի՞նչ իրավունքով են վերցրել հաշվիչս, և մի՞թե դա բաժանորդիս, քաղաքացուս, անձիս իրավունքի բացահայտ ոտնահարում չէ, ստացա ապշեցուցիչ, ցնցող պատասխան: Ահա. «Չեք բնակվել տարուց ավել, հետևաբար կա օրենք, ըստ որի՝ հաշվիչը հանել-տարել են»:
Այսինքն՝ ինչպե՞ս չեմ բնակվել, բա ո՞ւր եմ եղել, բա որ չեմ բնակվել ապա ինչո՞ւ եմ ամեն ամիս պարտաճանաչորեն վճարել մնացած կոմունալ վարձերը: 
Իմ փոխարեն կարո՞ղ է այլմոլորակայիններն են մուծել վարձերը:
Ուրեմն, պարտավոր էին չէ՞ տեղյակ պահել բաժանորդին՝ նման քայլ անելուց առաջ: 
Հիմա ինձ պատասխանեք. նման քայլը ինչպե՞ս որակել՝ ակնհայտ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի դե՞մ, թե օրը ցերեկով գողություն…
Հիմա ունե՞մ իրավունք պահանջելու թե կանխավճարս և թե հաշվիչս. անշուշտ, ունեմ, և հենց այդպես էլ կանեմ, քանի դեռ ինձ համար անհասկանալի և անընդունելի է այս կազմակերպության գործելաոճը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել