Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես՝ աշխարհում:

Այս անկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց՝ օրինագծի ընդունումը կանխելու համար:


Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին՝ փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:


Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին՝ ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ՝ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ՝ ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ՝ էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:

Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել