Aylmolorakayinner

Ըստ Աստվածաշնչիհրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գոյության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահման ունի, ապա ի՞նչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հարցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ:
Սուրբ Գրքի համաձայն` այլ երկինքներ էլ կան (Եփ. 4.9Եբր. 7.26Հայտն. 21.1): Պողոս առաքյալը հափշտակվեց մինչև երրորդ երկինք (Բ Կորնթ. 12.2), հրեական ավանդության մեջ ինը երկինքների պատկերացումը կա: Եկեղեցական հեղինակներն ասում են, որ այս աստղային երկնքից այն կողմ հրեղեն երկինքն է, որտեղ Աստված է, հրեշտակները և մեծ սրբերը: Իսկ որտե՞ղ են անկյալ հրեշտակները` չար ոգիները: Շատ մարդիկ մտածում են, որ նրանք երկրի տակ են, բայց այս կարծիքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա և գուցե գալիս է տարբեր ժողովուրդների սնոտիապաշտություններից: Հրաբուխների ժայթքող լավաները տեսնելով` շատ ժողովուրդներ պատկերացրեցին, որ գետնի տակ վայրեր կան, որտեղ սատանան պատրաստում է իր հավիտենական կրակները մեղավոր մարդկանց համար: Բայց որտե՞ղ են չար հրեշտակները՝ ըստ Աստվածաշնչի: Գուցե զարմանալի կլինի իմանալը, սակայն նրանք բնակվում են օդի մեջ` երկնքի տակ: Եփեսացիներին ուղղված իր թղթում Պողոս առաքյալն ասում է. «Ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության` հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփ. 2.2): Առաքյալը նաև ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ…. այս խա-վար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6.12):
Եկեղեցական ժամանակակից հեղինակներից մեկն ասում է, որ երկնքում երբեմն երևացող արտասովոր երևույթները, որոնք մարդկանց ներշնչում են, թե այլմոլորակայինների նշաններ են, սատանայի թակարդն են, որով չարը ցանկանում է մարդկանց հեռացնել Աստծո մասին ճիշտ պատկերացումից: Եվ կարող ենք ասել, որ երբեմն չարը հաջողություններ է ունենում այս հարցում, քանի որ այժմ տարբեր երկրներում ոչ քիչ թվով մարդիկ կան, ովքեր սխալմամբ կարծում են, թե երկրի վրա կյանքը տարածվել է այլմոլորակայինների կողմից:

Ադամ քահանա Մակարյան- «Քրիստոնեության իսկությունը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2012 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել