Այն, որ հայաստանյան քաղաքական համակարգն իր ենթահամակարգերով ու, հատկապես, կենտրոնական ինստիտուտով, որը պետությունն է, նոր իրողությունների նկատմամբ չունի ադապտացիոն մեխանիզմներ, վարակված է խռոնիկ ճգնաժամային հիվանդությամբ, արդեն իրողություն է: Քաղաքական էլիտան այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև իր կառուցվածքային և արժեհամակարգային բնույթով չի էլ կարողանում երևույթները ճիշտ գնահատել, քանի որ կտրված է հասարակական պահանջմունքների հետ կապից, չի սնվում անհրաժեշտ «աջակցություններով», զուրկ է «էլիտաների շրջապտույտի» սկզբունքից, հայտնվել է բյուրեղացման մեջ, ուստի քաղաքական որոշումները բխում են առավելապես սեփական համակարգի ամրապնդման բնազդից: Ցանկացած հեգեմոնիստական կամ օլիգարխիկ համակարգ ժամանակի ընթացքում կամ պետք է բացվի, կամ էլ գնա ավտորիտար տարրերի խստացման: Վերջին տարբերակն ընտրեց Հայաստանի նոր կառավարությունը, երբ վարչապետը կառավարությունը չհստակեցրեց կուտակայինի հարցը, վարչապետը հավաքների և ցույցերի անցկացման ազատության «կարգավորիչ» մեխանիզմներ մտցնելու հայտարարություն արեց և այլն: Ինչպես երևում է, կառավարությունը սկսում է զգալ սոցիալական ինստիտուտների ազդեցությունը, և, չլինելով հաղորդակից վերջիններիս պահանջմունքներին, նրա որոշումներն առավելապես ուղղված են լինում սեփական իշխանության ամրապնդմանը, քան հասարակության խնդիրների բավարարմանը: Իսկ ինչու՞ է իշխանությունը նման վարք դրսևորում սոցիալական շարժերի նկատմամբ: Բանն այն է, որ իշխանության բացվելու դեպքում որևէ հստակություն չկա, թե սոցիալ-քաղաքական ուժերն ինչպես կփորձեն օգտվել ստեղծված վիճակից, որը կարող է իշխող համակարգի թուլացման պատճառ դառնալ: Սոցիալական ինստիտուտները կարող են գերազանցել իշխանության ինստիտուտներին, դարձնել դրանք ոչ պիտանի, քանի որ լեգիտիմության ճգնաժամը մարդկանց հակում է հակաիշխանական գործողությունների: Իշխանությունը վախենում է այս «ինստիտուցիոնալ բախումից», որովհետև նրա սահմանած խաղի կանոնները գալիս են վերևից և ունեն պարտադրանքի բնույթ, հատկապես, որ դրանք չունեն հասարակության պահանջմունքային արտահայտություն, իսկ հասարակականը բխում է ներքևից և արտահայտում է քաղաքացիների շահերը: Այս ամենը հասկանում է նաև ընդդիմությունը, որը փորձում է օգտագործել սոցիալական պոտենցիալը իշխանության հետ հարաբերություններում: Նրանք հայտարարել են, որ մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող բողոքի ակցիային, որը բավական լավ հնարավորություն է համախմբելու մարդկանց, քանի որ այն առնչվում է յուրաքանչյուրին և դժվար թե գտնվի մեկը, ով գոհ կլինի սակագնի թանկացումից: Այսպես, քառյակը փորձում է ներքևից եկող պահանջմունքները ագրեգացնել և դրանք ուղղել իշխող համակարգի դեմ, այդ դեպքում կլուծվի երկու կարևորագույն խնդիր.

1) ընդդիմությունը կունենա, այսպես կոչված, պատրաստի ցույցեր, որոնք մեր քաղաքական կուլտուրայի սպեցիֆիկայի պայմաններում ամենալավ աշխատող գործիքներն են, և ավտոմատ կդառնա հասարակական առաջնորդող ուժ,

2) շահերի արտահայտումն ավելի մեծ պոտենցիալ կունենա, կստեղծվի քաղաքացի-ընդդիմություն համախումբի էֆեկտ և կառաջանա իշխանության մարգինալացում: Չի բացառվում նաև, որ քառյակն այս կերպ նաև խուսափում է բացահայտ առճակատման գնալ իշխանության հետ կա՛մ դեռևս այս առնչությամբհաստակություն չունենալով քառյակի ներսում ընդդիմադիր ուժերի մարտավարության հարցում, կա՛մ սպասելով հասարակական մոբիլիզացիայի ավելի մեծ թափի: Նրանք թերևս, համոզվեցին, որ 12 կետերը իշխանությունն այնքան էլ մարտահրավերային չընդունեց և հենց սկզբից սկսեց քննադատել դրանք: Այսպիսով, ընդդիմությունը փորձում է խորացնել համակարգի «ճեղքերը», որոնք խորանալով պետք է ավելի շատ լցվեն դժգոհություններով և հանգեցնեն այդ համակարգի փլուզման կամ զիջումների գնալու անհրաժեշտության: Իսկ ռեժիմը, ինչպես նշվեց, խստանալու հակումներ էլ ունի, այնպես որ, երկու կողմերն էլ պետք է շրջահայաց լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել