Ihsanoglu-300x160Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր


Թուրքիայում հայտնի է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուի (ում դեռ պաշտոնապես չեն ընտրել ու ներկայացրել) գլխավոր հակառակորդի անունը։ Թուրքական երկու ուժեղագույն ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները որոշել են ընտրության գնալ միասնական թեկնածուով, ով, ընդ որում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի անդամ չէ։

Պատմական նշանակության ընտրությունների համար (առաջին անգամ երկրի նախագային ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը) թուրքական ընդդիմության ընտրությունը կանգ է առել Էքմելեդին Իհսանօղլուի վրա, ով առավելապես հայտնի է Իսլամական համագործակցության կազմակերպությունում իր աշխատանքով։

Որոշ ընդհանուր տեղեկություններ ընդդիմության թեկնածուի՝ Էքմելեդին Իհսանօղլուի մասին։ 70-ամյա պրոֆեսորը ծնվել է Կահիրեում, որտեղ էլ ստացել է բարձրագույն կրթություն։ Հետագայում կրթությունը շարունակել է Անկարայի համալսարանում և Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանում։ Ունի հարուստ գիտական կենսագրություն, հայտնի է իսլամական մշակույթի ուսումնասիրություններով, մի շարք գիտական կենտրոնների համահիմնադիր է։ 2005-2014 թվականներին եղել է Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարը՝ կառույցի պատմության մեջ առաջին անգամ ղեկավար դառնալով ընտրության միջոցով։ Այսպիսով, Իհսանօղլուի անունը այս կամ այն կերպ զուգադրվում է իսլամի հետ, նա հայտնի է գիտական շրջանակներում և քաղաքական որևէ կուսակցության անդամ չի եղել։

Եվ ի՞նչ են փորձում անել նախագահական թեկնածուի հարցում միավորված ընդդիմադիր կուսակցությունները՝ առաջադրելով մի թեկնածուի, ով ընտրողներին ներկայանում է որպես պահպանողական և իսլամամետ։ Ընդ որում, կուսակցություններում ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել Ւհսանօղլուի թեկնածությունը…

Նախ դիտարկենք Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության՝ ԺՀԿ-ի քայլերը, որն աչքի չի ընկնում ընտրողների ստվար զանգվածով, թեև ունի կայուն ընտրազանգված։ Ժամանակակից քեմալականները հասկացել են, որ միայն ավանդական քեմալական ընտրազանգվածի միջոցով (քանակը չի բավականացնում) ընտրություններում հաղթելը ներկայում գրեթե անհնար է, ուստի ժամանակն է մտածել քրդերի, ինչպես նաև իսլամամետ դիրքորոշում ունեցող ընտրողների ձայները ստանալու մասին, ինչն էլ տարիներ շարունակ հաջողությամբ անում է մրցակից ԱԶԿ-ն։

Նախ հիշենք, որ ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վերագրում են քրդական ծագում, ինչը որոշակիորեն կարելի է կապել քրդական ձայները ստանալու ակնկալիքի հետ։ Եվ ահա արդեն Իհսանօղլուի առաջադրմամբ, ով, ինչպես վերը նշեցինք, ընտրողների լայն զանգվածների համար նախևառաջ ասոցացվում է իսլամի հետ, ԺՀԿ-ն փորձում է ձայներ ստանալ նաև իշխող կուսակցության, այսպես ասած, իսլամամետ ընտրազանգվածից։ Իսկ ահա ազգայնականների հետ համագործակցությունը նույնպես հասկանալի է, քանի որ այս քաղաքական ուժը նույնպես ունի կայուն ընտրազանգված, որն աչքի է ընկնում ոչ միայն ազգայնամոլ կեցվածքով, այլ նաև կրոնական և քաղաքական պահպանողականությամբ։

ԱՇԿ-ն իր հերթին հնարավորություն է ստանում մտնել լուրջ պայքարի մեջ նախագահի ընտրություններում, ինչը միայնակ գործելու դեպքում հնարավորություն չէր թողնում գորշ գայլերի քաղաքական ճյուղին։

Վերադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ նշենք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ով այս քաղաքական ուժի ղեկավարն է, հայտարարել է, թե իրենց թեկնածուի անունը կներկայացնեն ավելի ուշ՝ հուլիսի 1-ին։

Ինչևէ, եթե իշխող կուսակցությունն ընտրության գնա՝ առաջադրելով գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի կամ վարչապետ Էրդողանի թեկնածությունը, ապա մեծ քաղաքականությունում ոչ այնքան փորձառու Իհսանօղլուի համար բավական բարդ պայքար կլինի, և ինչպես նշում է Թուրքիայի փոխվարչապետ, իշխող կուսակցության անդամ Բյուլենթ Արընչը, ով էլ առաջադրվի ԱԶԿ-ից, նա է լինելու ընտրություններում ֆավորիտը։ Ինչևէ, վերջին 12 տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրություններում ԱԶԿ-ն հավասարը չունի Թուրքիայում։ Իսկ այդ միտումը փոխելու համար Իհսանօղլուին գերբնական ջանքեր են պետք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել