Tert.am-ը գրում է.

Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն քաղաքական մուղամն է երգում, ինչով էլ ցույց է տալիս իր ու իր երկրի դեմքը: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես բնութագրեց ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ գնահատական կտաք ԵԽ ԽՎ-ում Ալիևի պահվածքին. նա խոսեց «օկուպացված տարածքների», ադրբեջանական փախստականների ու մի շարք այլ հարցերի մասին:


-Արդեն մի բանաձև եմ գտել` բնութագրելու Ալիևի քաղաքականությունը և հայտարարությունները. դա քաղաքական մուղամ է՝ ներկայացրած ֆոնոգրամայի տեսքով: Անընդհատ նույն բաներն են, անընդհատ նույն ոճն է: Իրենց համար օրինաչափություն է դարձել այդ քաղաքական մուղամը ֆոնոգրամայի տեսքով ներկայացնելը: Մի կողմից էլ՝ դա իրոք ցույց է տալիս Ադրբեջանի իրական պատկերը, թե ինչ են ուզում այդ մարդիկ՝ այդպիսի գռեհիկ մոտեցմամբ և իրենց ներկայացրած պահանջներով: Սա պետք է համապատասխան հետևությունների բերի, որովհետև չար երեխայի պես ամեն ինչ անում են, բոլորը աչք են փակում՝ չտեսնելով, որ նա երեխայական մակարդակում չի մնում, աճում է և դառնում մի մեծ հրեշ, որը մենք տեսել են Հիտլերի պարագայում, որը տեսել ենք բազմաթիվ պատմական այլ ժամանակահատվածներում: Հետևաբար, Ալիևն ուղղակի ցուցադրեց իր իրական դեմքը:


-Հայ-ադրբեջանական շփման գծում ամենօրյա հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Վերջերս քաղաքագիտական շրջանակներում հաճախ են այնպիսի տեսակետներ հնչում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն ու չի կարողանում տարածաշրջանում իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Դուք ևս այդպե՞ս եք կարծում:


-Իհարկե՝ ո՛չ, այդպես չէ: Նախ և առաջ` Մինսկի խումբը չի սպառել իրեն, քանի որ հակամարտության կարգավորումը դիտարկել լոկ վերջնական մի համաձայնագրի հասնելու, ստորագրելու և այն իրականացնելու մեջ՝ շատ թերի պատկերացում կլինի: Մինչև այդ ժամանակահատվածը գալը շատ աշխատանք պետք է կատարվի, առաջին հերթին՝ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պահպանելու համար լուրջ գործողություններ: Իսկ այդ գործում Մինսկի խմբի դերակատարությունը չափազանց կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է այդ խախտումներին, ապա այստեղ Ադրբեջանի պահվածքն է ապակառուցողական: Բայց, այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ միջազգային հանրության և գերտերությունների համար առնվազն՝ այս ժամանակահատվածում, ինչպես նաև՝ տեսանելի ապագայում, ձեռնտու չի լինելու պատերազմական գործողությունների վերսկսումը, ապակայունացումը և այլն: Սա ո՛չ միայն մարդասիրական մոտեցում է, այլ նաև՝ սառը աշխարհաքաղաքական դատողության հետևանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել