Սոցիալական շարժումների դերը դեմոկրատիզացիայի գործընթացում. Էդգար ՎարդանյանԴեմոկրատիզացիայի այս գործընթացում շատ մեծ է սոցիալական շարժումների դերը: Ի՞նչ նկատի ունենք ասելով սոցիալական շարժումներ. ինքնակազմակերպվում են հասարակության լայն զանգվածներ, ստեղծում են մի որևէ ֆորմալ կամ ոչ ֆորմալ ինստիտուտ, որը խնդիր ունի հասնելու հասարակությանը հուզող կոնկրետ նպատակի, որին հասնելու խոչընդոտը իշխանություններն են: Այս առումով ռեժիմի փոփոխությունը նույնպես կարող է լինել սոցիալական շարժումների նպատակը, խնդիրը: Ժողովրդավարեցման երրորդ ալիքը ցույց է տալիս, որ սոցիալական շարժումները հենց այս նպատակով են ձևավորվել և հասել են շատ մեծ ծավալների, որովհետև հասկանալի է, որ այդպիսի գլոբալ խնդիր հնարավոր կլինի լուծել միայն այն դեպքում, երբ գործողություններին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում:

Խաղաղ անհնազանդության կամ սոցիալական շարժումների փիլիսոփայության հիմքում ընկած է ոչ դեմոկրատական իշխանությունների խաղի կանոններին դեմ դուրս գալը, չհնազանդվելն է այդ խաղի կանոններին: Ավտորիտար համակարգերը հենված են ժողովրդի հնազանդության վրա, երբ որ ժողովուրդը հնազանդվում է իշխող վերնախավի կողմից թելադրվող խաղի կանոններին:

Այս գործընթացը չի պահանջում հասարակության մեծամասնության ակտիվ մասնակցությունը գործողություններին: Պետք չէ սպասել, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը ամենօրյա ռեժիմով ակտիվ գործողություններ պետք է ծավալի: Ակտիվ գործողություններ են իրականացնում հասարակության փոքր հատվածը միայն, սակայն այս փոքրամասնությունը պետք է լինի մեծամասնության համար լեգիտիմ, պետք է ներկայացնի մեծամասնության շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել