thumb

Որպես բլոգեր, ում նյութերը հրապարակվում են մի քանի կայքերում, նաև որպես շարքային համացանցային օգտատեր, ով բավականին ակտիվ է համացանցում, պարտքս եմ համարում մի քանի բառով նկարագրել է մարդկանց, ովքեր մեկնաբանություն գրելու ունակ չեն ու կարող են փչացնել քո ամբողջ օրվա լավ տրամադրությունը, վատն էլ նենց վատացնել, որ միկրոինսուլտ կամ էլ ինֆարկտ տանես:

1. Մուննաթ մեկնաբաններ

Օգտատերեր, ովքեր իրենց պարտքն են համարում պարտադիր քոմմենթել ցանկացած մեկի գրածը` կենսաթոշակայինի նման պարտադիր էլ մուննաթ գալով ու հեղինակի վրա մատ թափ տալով:

2. Վատաբանողներ

Կապ չունի` ինչ ա գրած, ինչի ա գրած, երբ ա գրած, ինչ ա ասվում էտ գրառման մեջ, վատաբանող տեսակի քոմենթ անողները պարտադիր մի բան կգտնեն, որ հարամեն ամբողջ գրածդ:

3. Կարմիր գրիչներ

Սրանց համար կարևոր չի` նյութը հետաքրքիր ա, թե չէ, լավ բաներ կամ ուսուցանող ասված ա, թե չէ: Իրանք լեզվի տեսչությունից են, սկսում են ուղղագրական ու քերականական կանոնները հանել մեյդան ու «Գոնե ճիշտ գրեիր», «Առաջին հերթին ուղղագրությանդ հետևի, նոր քննադատի ուրիշներին»: Իմ համար ուղղակի խնդալու ա էս քոմենթները: Նենց չի, որ մենք` բլոգերներս, համացանցի ճիճուներս, ովքեր նվազ են ձեր փառքի առջև, մայրենի լեզվին չենք տիրապետում: Կան թեմաներ, որ չես կարա խիստ գրական հայերենով գրես:

4. Սաղ ապուշություն ա…

Էս տեսակի համար ցանկացած նյութ ապուշություն ա, բայց էս տեսակ քոմենթ անողը քո բլոգից ոտը դուրս չի քցում ու սրբազան կերպով կարդում ա քո գրած ամեն տառը: Լսի, եթե գիտես, որ սաղ ապուշություն են գրում, մի կարդա… կամ էլ դու մի բան գրի, քեզնից սովորենք էլի, ոնց ապուշություն չեն գրում…

5. Ինտելեկտուալներ

Սրանք էլ պարտադիր չէ, բայց պարտադրում են քեզ կիսագրական-կիսաանգրագիտական իրենց լղոզած ամբիցիաներն ու սկզբունքները կուլ տալ կամ էլ փաթաթում են վզիդ ու ասում, որ իրանց ուզածով գրես, կամ էլ դու կյանքից բան չես կարա հասկանաս… Սրանք հիմնականում տղերքն են, որոնց համար աղջկա ասածը ասնավանի չի՝ դաժե ինտերնետում )))

6. Ցենզուրայից դուրս

Սրանք հիմնականում տղերք են, ովքեր էկրանից էն կողմ դինոզավր են, բայց իրական կյանքում փիսո: Դե հլը փորձվի մեկը տղամարդկանց մասին մի հատ քննադատական գրառում անի, համայն հայոց չոբանները իրենց մահակներով քեզ կքշեն ազերների մոտ… Ինչի՞ տղամարդկանց մեջ վատերը չկան:

7. Հեղինակի վրա բոցեր անողներ

Հա, համաձայն եմ, շատ գրառումներ ու հոդվածներ հիմարություն են, հեղինակն էլ անմիջապես դեբիլի տպավորություն ա թողնում, բայց արժի մի քիչ զուսպ լինել ու հարգել իրա կարծիքը….

8. Նյութը չկարդացողներ

Սրանք երբեք նյութը մինչև վերջ ու հասկանալով չեն կարդում: Կարդալուց էլ չեն հասկանում, կամ էլ ուղղակի մեջերից մի քանի նախադասություն են կարդում ու իրենց հեղինակավոր հիմարությունը հրապարակում քո գրածի տակ:

 

Ու էլի սենց լիքը տեսակներ կան, ովքեր իմ ներվերի վրա ազդում են: Մենք գրում ենք, հարցեր ենք բարձրացնում, վերջիվերջո մեզնից յուրաքանչյուրին հետաքրքիր է մեր ընթերցողների կարծիքն ու վերաբերմունքը: Մենք արդեն սովորել ենք, մեր համար արդեն սովորական են դարձել ձեր քլունգներն ու անիմաստ, անհասկացող, անհիմն մեկնաբանությունները: Բայց ամեն մեկնաբանություն թողնելուց առաջ մտածեք, եթե դժվար չի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել