Times-ում հրապարակվել է Գարի Կասպարովի հոդվածը, որտեղ նա Պուտինին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին անվանում է բռնապետ։

Կասպարովը հարց է ուղղում, թե ինչու են ընթացիկ Օլիմպիական խաղերում առկա որոշակի տարրեր, որոնք առաջին անգամ կիրառվել են նացիստների կողմից 1936 թ. Բեռլինում Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մասնավորապես, խոսքը օլիմպիական կրակի փոխանցման մասին է։ Ժամանակակից oլիմպիական խաղերի հիմնադիր բարոն Պիեր դը Կուբերտենը հիացած էր Հիտլերով և նրանով, թե ինչպես է Գերմանիան անցկացրել Օլիմպիական խաղերը։

«Սակայն հետո Կուբերտենը Օլիմպիական խաղերը փոխանցել է կայսերական Տոկիոյին և ֆաշիստական Հռոմին: Նա ուղղակիորեն հայտարարել է, որ իր համար քաղաքական կուսակցության առաջխաղացման նպատակով Օլիմպիական խաղերի օգտագործումը չի տարբերվել Կալիֆոռնիայում լավ եղանակը զբոսաշրջության զարգացման համար օգտագործելուց»,- նշում է ընդդիմադիրը։

Կասպարովի խոսքերով, Միջազգային օլիմպիական կոմիտեի գործող նախագահ Ժակ Ռոգեն հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել 1936 թ. Մյունխենում Օլիմպիական խաղերի ընթացքում սպանված 11 իսրայելցիների հիշատակը. «Այո, դա տգեղ որոշում էր: Սակայն, եթե իդեալներ գոյություն ունենային, ապա խաղերը երբեք չէին անցկացվի այնպիսի երկրներում, ինչպիսիք են նացիստական Գերմանիան կամ պուտինյան Ռուսաստանը», - ասում է Կասպարովը:

«Պուտինին ևս իդեալներ հարկավոր չեն։ Նա հետաքրքրված է միայն սեփական իշխանության դրսևորման և պետական միջոցներն իր ընկերներին փոխանցելու մեջ։ Նա ցանկանում է ղեկավարել Ստալինի նման և ապրել այնպես, ինչպես Ռոման Աբրամովիչը: Բոլոր բռնապետներին դուր է գալիս Աստված խաղալը։ Ի՞նչը կարող է դրա համար ավելի լավ առիթ լինել, քան ամառային հանգստավայրում ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպումը», - հարցնում է աշխարհի նախկին չեմպիոնը։

Կասպարովը նշում է, որ Սոչիի մերձարևադարձային դիրքը ինքնաբերաբար պետք է բացառեր Ռուսաստանի մասնակցությունը Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկալու պայքարին, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այդպես չի համարում, ինչպես և հաշվի չի առնում հնարավոր բնապահպանական աղետը, տեղի բնակիչների ապօրինի վտարումը և այն, որ օլիմպիական գյուղը կգտնվի Վրաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ այդ տարածքներն օկուպացվել են ռուսական զորքերի կողմից 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո։

«Երբ Պուտինը կժամանի Լոնդոն, նա այստեղ չի տեսնի իր հարևան Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի բռնապետին, որի մուտքը ԵՄ տարածք արգելված է։ Լուկաշենկոյի և Բելառուսի տասնյակ այլ պաշտոնյաների համար մուտքի արտոնագրի տրամադրման մերժումը բացատրվում է այդ երկրում ընտրությունների կեղծմամբ, ցուցարարների դեմ բռնության կիրառմամբ, ընդդիմության առաջնորդների հանդեպ վատ վարմունքով և նրանց ձերբակալություններով: Յուրաքանչյուրի համար, ով վերջին ամիսներին հետևում է պուտինյան կառավարության գործողություններին, սա խախտումների չափազանց ծանոթ ցանկ է, և ԵՄ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտները ակնհայտ են», - ընդգծում է Կասպարովը:

Նա գտնում է, որ Օլիմպիական խաղերի կեղծավորությանը հնարավոր կլիներ հաղթել, եթե Պուտինին առաջարկեին հետևել խաղերին տնից՝ հեռուստացույցի էկրանի դիմաց։ Նրա կարծիքով, ժամանակն է, որ օլիմպիական շարժումը ընդունի մարդասիրական իդեալներ և դադարեցնի սիրախաղը բռնապետերի հետ։

Նյութը՝ Lurer.com-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել