Ես իմ ենթադրությունն արեցի ու ասեմ, որ երկիրը կարելի է պետություն դարձնել միայն ուժ ցույց տալով, որովհետև ցանկացած քաղաքակիրթ գործողություն, որը վնասում է տվյալ իշխանությունների, այսպես ասած, քաղաքականությանը, փորձ է արվում կանխել ռեպրեսիվ մեթոդներով։

Ոչ մեկս Գանդին չենք, ոչ էլ Հնդկաստանում ենք ապրում, որ կարողանանք զսպվածությամբ ու նազանքով հանդարտորեն ազատության մի կաթիլը դարձնենք ծով։ Ընդհակառակը՝ կա իշխանությունների կողմից իրականացվող հստակ քաղաքականություն, որը, կարճ ասած, պրոռուսական քաղաքականությունն է, և դրա իրականացումը պետք է կասեցվի։ Ցանկացած խնդրի դիտարկումից երևում է ռուսական հիմքեր։

Հանկարծ չհամարձակվի ինչ-որ մեկն ինձ մեղադրել եվրոպամետության, ամերիկամետության, համանման այլ մետություններում, հակառուսականությունում կամ ֆաշիզմի մեջ, քանի որ խոսքը ներկա պահին բացարձակ Արևմուտքին չի վերաբերվում, այլ կոնկրետ մեզ և մեր ապագային, դեռ մեր երեխաներին թողնենք մի կողմ։ Մենք՝ ի նկատի ունեմ ժողովրդին, այն ժողովրդին, ով ընդունել և ընդունում է 1995 թվականի ՀՀ Սահմանադրությունը, հատկապես Հոդված 1-ը, որում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

Ու այսպես, 
Հաշվի առնելով ենթադրություններս՝ պետությունում առկա խնդիրները, որոնք մարդկանց փողոց են դուրս բերում՝ Մաքսային միություն, քաղբանտարկյալներ, կուտակային, Աֆրիկյաններ, էլեկտրաէներգիա, դեռևս լույս աշխարհ չեկած Սահմանադրական փոփոխություններ, մշտական գործազրկություն, արտագաղթ, հովանավորչություն կրթությունից մինչև հարկահանություն և այլն, ինչպես նաև այն, որ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվել է մեր Սահմանադրությունը, որի 19-րդ տարելիցն է լինելու է այս տարի, առաջարկում եմ՝ տվյալ օրն իրականացնել հավաք, որի ընթացքում կլինեն ելույթներ, հավաքի մասնակիցներին կներկայացվեն բոլոր խնդիրների վերաբերյալ հավաքի դիրքորոշումը, առաջարկները, և այնուհետև կատարվի երթ, որի նպատակը լինի հանձնել համախմբման դիրքորոշումը, առաջարկներն ու պահանջները ՀՀ Կառավարության, ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահական։

Կարելի է ենթադրել, որ սա հերթական սովորական հավաքը և երթն է, որը չի տա իր պտուղները, սակայն կնշեմ իմ պատկերացրած ամենակարևոր տարբերությունը՝ տեղի կունենա hամախմբում։ «Համախմբում»-ը կարելի է դարձնել տվյալ նախաձեռնության անունը։ Այն կարող է ղեկավարվել բոլոր ներառված նախաձեռնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, և լինելով ճկուն, կկարողանա ներառել անկախ քաղաքացիների ևս։

Հարց կառաջանա, իսկ ի՞նչ կտա համախմբումը՝ իմ մեջ պարունակելով ժողովրդական երկու հարցը՝ «Բա՞ն ա փոխվելու դրանով» և «Ե՞րբ ենք գնալու»։ Վերադառնալով գանդիություն անելուն՝ ասեմ, որ մինչ համախմբումը պետք է փորձենք սառնություն ցուցաբերել և հասնել մեկտեղմանը, այնուհետև պատասխանենք այդ հարցին։ Այդ հարցի պատասխանը կստանանք մինչ հավաքը եղած քննարկումներում և հենց հավաքի օրը՝ հաշվի առնելով բոլոր հնարավորությունները։ Ու հիմա պատասխանեմ ես այդ հարցին՝ թող, որ օր առաջ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել