Հայաստանի մամուլը որպես ադրբեջանական քարոզչության կցորդMedia.am-ը գրում է.
«Մեր լրատվամիջոցներում հաճախ կարելի է հանդիպել նյութերի, որտեղ լրագրողը գրում է՝ «Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն...»` չնշելով անգամ, որ ԱՊԱ-ն ադրբեջանական գործակալություն է, ինչն ընթերցողը պարտավոր չէ իմանալ»

Հունիսի 18-ին ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն նետեց ցանց։ Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցող ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի անունից կեղծ տեղեկատվություն տարածվեց:

«Корюн Нагапетян попросил азербайджанскую делегацию не называть армян оккупантами: «Покорно прошу вас. Мы прибыли сюда, чтобы войны больше не было. Мы не желаем войны. У Армении нет ни желания, ни сил воевать»: 

Այս ապատեղեկատվության սկզբնաղբյուրը, որը մի շարք հայաստանյան լրատվական կայքեր առանց մտածելու արտատպեցին եւ նույնիսկ վերլուծություններ արեցին, ադրբեջանական APA լրատվական գործակալությունն էր։ 

Օրինակ` Zham.am-ը մեծ նյութ պատրաստեց` գրելով, որ անթույլատրելի է այդպիսի անպատասխանատու ելույթներով հանդես գալը», հետո եզրակացրեցրեց` «Մտածե՛ք սրա մասին, քանզի դա առաջին հերթին հենց ձեր շահերից է բխում»: Ապատեղեկատվությունը տարածեցին նաեւ «Հրապարակ»-ն ու Operativ.am-ը:

Հայկական լրագրության մեջ մի լուրջ խնդիր կա` լրատվամիջոցներն Ադրբեջանից եկող տեղեկատվությունը շատ հաճախ արտատպում են` առանց դրանք ստուգելու կամ փաստերը ճշտելու: Իսկ ադրբեջանական լրագրության առանձնահատկությունն այն է, որ երրորդ կողմ հանդիսացող քաղաքական գործիչների` Արցախի հետ կապված հայտարարությունները գրեթե միշտ  միտումնավոր խեղաթյուրվում են, որպեսզի ադրբեջանցիներին ձեռնտու թեզերը շրջանառվեն ուրիշների շուրթերով: 

Այսքանը կարելի էր սովորել կարճ ժամանակվա ընթացքում, բայց մեր լրատվամիջոցները շարունակում են արտատպել ապատեղեկատվությունը` դառնալով Ադրբեջանի քարոզչության մասնագետների մանկլավիկը: Իսկ ադրբեջանական քարոզչությունն այս պարագայում, բնականաբար, մի քանի անգամ ուժեղանում է. մի բան է, երբ նյութը կարդում ես ադրբեջանական լրատվամիջոցում, մեկ այլ բան` երբ այդ նյութն «օրինականացվում» է հայկական լրատվամիջոցի կողմից: 

Քարոզչության իմաստը հակառակորդի հասարակության վրա ազդեցություն ունենալն է, բարոյալքման մթնոլորտ ստեղծելը, իրենց ուզած թեզերը շրջանառելը եւ այլն: Իսկ ապատեղեկատվություն արտատպելով` հայաստանցի լրագրողները փաստացի աշխատում են հենց այդ ուղղությամբ, անում են այն, ինչ պետք է ադրբեջանական քարոզչությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել