Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում):Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044թ.-ին հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087թ.-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս.Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։ XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XIIդ. վերջին վանքը նորոգվել է։ Մոնղոլական տիրապետության շրջանում Տաթևի վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, Օրբելյանների աջակցությամբ վերականգնել տնտեսական հզորությունը։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ.-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ Նրա ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ XIIIդ. վերջին Տաթևի վանքը դարձել է ունիթոռության դեմ պայքարի կենտրոն։ 1295թ.-ին վերստին նորոգվել է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ XIVդ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։ Լենկթեմուրի 1381-1387թթ.-ին Սյունիք կատարած արշավանքի ժամանակ Տաթևի վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների գգալի մասը։ Տաթևի վանքը նոր ծանր հարված է ստացել 1434թ.-ին՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Տաթևի Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահինի վանքում։ Տաթևի վանքը կրկին բարգավաճել է XVIIդ. 2-րդ կեսին - XVIIIդ. սկզբին։ Վանքին հարկատու են դարձել 14 գավառի 264 գյուղ։ Վերանորոգվել են գրեթե բոլոր շինությունները, կառուցվել նորերը։ 1796թ.-ին վանքը ենթարկվել է Աղա Մահմեդ խանի պարսկական զորքերի ասպատակությանը և կողոպուտին։ 1837թ.-ին վերացվել է Տաթևի մետրոպոլիտությունը։
Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ, շինարարությունն ավարտվել է 906թ.-ին։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։
Տաճարի հարավային պատին կից, 1043թ.-ին կառուցվել է կամարակապ սրահ (քանդվել է 1931թ.-ի երկրաշարժից)։ 1087թ.-ին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս-արևմտյան անկյունում, մուտքի և դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին։ 1295թ.-ին, երկրաշարժից կործանված Ս.Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է կառուցել, դարձյալ Ս.Գրիգոր անվամբ (ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն է)։ Ուշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգակատուն։ Տաճարի հարավային մուտքի առջև 1787թ.-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ XIXդ. վերջին - XXդ. սկզբին՝ տաճարի արևմտյան մուտքի առջև մի զանգակատուն:
Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: XIVդ. հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր: XVIIIդ. շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն: 1970-ական թվականներից համալիրը վերականգնվում է:
Տաթևի վանքի պարսպից հյուսիս-արևելք կանգուն է վանքի ձիթհանը (կառուցել է Հովակիմ արքեպիսկոպոսը XVIIIդ, վերջին)։ Այն բաղկացած է չորս արտադրասենյակից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունն (բովման վառարանով) ու թաղածածկ մամլման բաժինը։ Տաթևի ձիթհանը Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենալավ պահպանվածն է ու արժեքավորը։ Ձիթհանից արևելք, ձորալանջի եզրին, վանքի բաղնիքի (XVIIդ.), երեք մասից բաղկացած (քառակուսի հատակագծով հանդերձարան, լողասենյակ և ջեռուցման խուց) թաղածածկ շենքն է։ Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2մ), գլանաձև թաղով կամուրջը (ըստ արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672թ.-ին)։ Գյուղի հարավային եզրին աղբյուրի շենքն է (կառուցել է Հովհաննես վարդապետը 1745թ.-ին)։ Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք ձգվում է վանքի դպրոցի բավական երկար (74,5մ) շենքը (կառուցել է վանահայր Աբրահամ Աստապատցին XVIIIդ. 3-րդ քառորդում)։ Դպրոցը գործել է մինչև XXդ., քանդվել է դարասկզբին (բացվել է պեղումներով, 1981-82թթ.-ին)։ Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները, որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով, ողջ երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։ Դասասենյակները տաքացվել են բուխարիկներով։ Կիսանկուղային ստորին հարկի սենյակները հաղորդակից են եղել միմյանց և դրսից ունեցել են առանձին դռներ։ Տաթևի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուսումնական կառույցի մեզ հասած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս XVII-XVIIIդդ. վանական դպրոցների ճարտարապետության մասին։ Գյուղի կենտրոնական մասում կանգուն է Ս.Մինաս եկեղեցին (ըստ հարավային մուտքի կիսաշրջանաձև կամարի արձանագրության կառուցել է Ներսես վարդապետը, 1646թ.-ին)։ Հարդարանքում ուշագրավ է արևմտյան դռան ճոխ շքամուտքը։
Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին (կառուցել է վանահայր Հակոբ եպիսկոպոսը, Xդ. կեսերին)։ Արևելյան պատի մոտ կանգուն է XIIIդ. խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել