Հարստանալու համար պետք է խնայողաբար տնօրինել եկամուտները: Ովքեր կարողանում են խնայողաբար տնօրինել եկամուտները, հարստանում են, իսկ ովքեր ճիշտ չեն տնօրինում, աղքատանում են: Սոցիոլոգները պարզել են, որ մարդկանց մեծ մասը ծախսում են իրենց եկամուտներից 30 %-ից ավելի: Այդ պատճառով փողը մարդկանց երբեք չի բավականացնում, և նրանք պարբերաբար ընկնում են պարտքերի մեջ, երբեմն էլ հայտնվում սոցիալապես անապահով վիճակում: Հայաստանը սոցիալական պետություն է: Դա նշանակում է, որ սոցիալական քաղաքականության առանցքային խնդիրը համընդհանուր բարեկեցության ապահովումն է: Այս խնդրի լուծման համար աշխատատեղեր և ազատ ձեռներեցության նպաստավոր պայմաններ ստեղծելը բավարար չէ: Սոցիալապես ապահովված պետք է լինեն բոլորը, այդ թվում՝ կենսաթոշակառուները: Այդ նպատակին կոչված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը» տապալվեց 2 ամիս առաջ: Սեփականության անձեռնմխելության իրավունքը, մասնավորապես՝ սեփական եկամուտները ազատորեն տնօրինելու սահմանադրական իրավունքը ճանաչվեց գերակա և Սահմանդրական դատարանը կասեցրեց կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչների կիրառությունը: Այդ աննախադեպ վճռից 2 ամիս անց կառավարության նոր առաջարկությամբ կուտակային հիմնադրամներ ուղղվող պարտադիր կուտակային վճարը փոխարինվում է պետական բյուջե ուղղվող նպատակային սոցիալական վճարով: Սա ցույց է տալիս, որ համընդհանուր բարեկեցություն ապահովելու և ժողովրդին ժուժկալ դարձնելու կառավարության վճռականությունն անկոտրում է: Եվ սոցիալապես ապահով հասարակության երազանքն իրականացնելու ճանապարհին փակված դռներին բախվելուց հետո կառավարությունը փորձում է մտնել պատուհանից: Եվ ամենևին զարմանալի չէ, որ այս առաջարկը հասարակական բուռն քննարակման առարկա է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել