Տարածել այս առաջարկությունը

Բոլորս լավ գիտենք, թե Հայաստանում ինչ վիճակ է ստեղծվել, սակայն որքան հասկանում եմ, ոչ ոք չի պատկերացնում, թե ոնց է կարելի այս վիճակից դուրս գալ: Եթե անգամ հեղափոխություն լինի, ինչին մեծ մասը, որքան հասկանում եմ, ձգտում է, մեկ է, վերջում ընտրություններ են լինելու, ու եթե անգամ ընտրությունները արդար լինեն, մեկ է, իշխանության է գալու այս կամ այն կուսակցությունը, որն իր հիմքում կոռումպացված է, ավտորիտար է և կուսակցական մի փոքր «էլիտայի» կողմից բռնազավթված: Արդյունքում նույն համակարգը նորից վերարտադրվելու է: Ուկրաինան ձեզ օրինակ: Առաջանում է հարց՝ բա ի՞նչ անել, եթե անգամ հեղափոխությունն ու արդար ընտրություններն իրավիճակը չեն կարող փոխել:
Որքան էլ բոլորս զզվենք կուսակցականությունից, մեկ է, շան գլուխը այդտեղ է թաղված, առանց նոր կուսակցության հնարավոր չէ իրավիճակը փոխել: Պետք է ստեղծել մի նոր՝ քաղաքացիական կուսակցություն, որն էականորեն տարբերվի բոլոր եղած կուսակցություններից: Բայց կա վտանգ, որ այն նույնպես կարող է մի խմբի կողմից բռնազավթվել, և այդ խումբը ստվերային եղանակով համագործակցի ռեժիմի հետ ու ամեն ինչ նորից կրկնվի: Այ հենց այստեղ է ամբողջ խնդիրը: Կուսակցության ֆորմատը պետք է լինի այնպիսին, որ դա անհնար լինի:
Առաջարկի իմաստը հետևյալն է: Կուսակցության անդամագրվումը, հեռացումը, որոշումների ընդունման մեխանիզմները, մի քանի ամիսը մեկ ողջ ղեկավար կազմի պերմանենտ վերաընտրությունները լինում է համապատասխան կուսակցական կայքում կամ կուսակցական բազայում: Կան շատ հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կարելի է հետագայում քննարկել: Ես ինքս մի որոշ մասը մտածել եմ: Նոր առաջարկությունները կարելի է քննարկել:
Կուսակցությունը որպես այդպիսին հանդիսանում է կայքի բազան, որը թույլ չի տալիս կեղծել, և բոլոր անդամները անխտիր մասնակցում են որոշումների ընդունմանը: Կա նաև ֆրակցիաների բաժանման կայքային տարբերակներ, որոշումների ընդունման հետաքրքիր եղանակներ և այլն: Փաստորեն, կայքի միջոցով կուսակցությունը դառնում է մի նոր հասարակության մոդել, որը պետք է իր կազմավորման ու կարգավորման այդ մեխանիզմները հետագայում տարածի ողջ հասարակության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել