hripsimyanc kuyser

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու ավանդաբանությամբ՝ սրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում, Գայանե մայրապետի գլխավորությամբ, որոնք փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին, և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատ արքան, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով` հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունենում Վաղարշապատում, 301 թ.` Ս. Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելուց մի քանի օր առաջ: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն` երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում: Այս պատմությունը մեզ է ավանդում Դ-Ե դարերի պատմիչ Ագաթանգեղոսը:

Լուսավորիչը կարողանում է հավաքել և ամփոփել կույսերի նշխարները և նրանց նահատակության վայրերում կառուցել երեք փայտաշեն վկայարաններ: 615-618 թթ. Կոմիտաս կաթողիկոսը կերտում է Ս. Հռիփսիմե սքանչելի քարաշեն տաճարը, ինչպես նաև կույսերի նահատակության փառաբանության համար գրում «Անձինք նուիրեալք» շարականը:

 Եկեղեցական հանդես Քարաշեն տաճար է կառուցվում նաև Ս. Գայանեի նահատակության վայրում 632 թ., Եզր կաթողիկոսի ձեռնարկումով, ինչպես նաև 18-րդ դարում կույսերի բնակության վայրում` հնձանում, Ս. Շողակաթ եկեղեցին, Նահապետ Եդեսացի կաթողիկոսի օրով:

Հայ Եկեղեցին կույսերի հիշատակը տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչիվիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել