Այն փաստը, որ մեր առողջապահական ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, ապացուցվում է ամեն օր: Դրա վառ ապացույցը Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոցն է: Երբ ավտովթարից հետո մարդիկ դիմում են հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ստանալու համար, հանդիպում են մոտավորապես նման արձագանքի. «Էս ի՞նչ ա եղել, որ սրա համար էլ եկել եք»: Պարզվում է, որ հիվանդանոց կոչեցյալում շաբաթ և կիրակի օրերին ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ռենտգեն ապարատը, իսկ տեղացիներն ասում են որ այն արդեն 6 ամիս է` չի աշխատում: Ստացվում է նաև, որ հիվանդանոց կոչվող բառդակում չկա տարրական փայտացման դեմ պատվաստանյութ, և այն ներարկելու համար «մոտակա դեղատնից առեք, բերեք` կներարկենք»:
Ստացվեց այնպես, որ բենզալցակայանի աշխատակիցները ի վիճակի են ավելի շատ օգնություն ցուցաբերել, քան հիվանդանոց կոչված բառդակում: Հիվանդանոց, որտեղ սպասում են մահամերձ հիվանդների, որ ԿԼՊԵՆ: Իսկ եթե դու ուղղակի գնում ես ավտովթարից հետո ռենտգենի անցնելու, ուրեմն կհանդիպես այն վերաբերմունքին, որին երեկ հանդիպել է եղբայրս՝ իր ընտանիքի հետ:
Առողջապահության ոլորտը երբեք էլ լավ վիճակում չի եղել: Մասնավոր հիվանդանոցները՝ խնդրեմ, մակարդակ, բայց այ պետականներում՝ «հիվանդի կարոտ» են, այն էլ միայն ծանր հիվանդների:
3 ամիս է անցել նոր վարչապետի նշանակած նախարարի պաշտոնավարումից: Վերջինս նշանակվելիս վարչապետը նկատեց, թե. «Արմեն Մուրադյանն առողջապահության կազմակերպիչ է, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Ճիշտ է, պարոն վարչապետ, մեծ անելիքներ ունեք, այնքան մեծ, որ արդեն 3 ամիս է՝ ձեր նշանակած նախարարի ենթակայության տակ գտնվող և Վայոց Ձորի մարզկենտրոնի քաղաքային հիվանդանոցում չկա ոչ փայտացման դեմ պատվաստանյութ, ոչ տարրական ռենտգեն ապարատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել