artsvi bakhchinyanԳրական (և ոչ միայն գրական) միջավայրին անծանոթ չէ բանասեր, կինոգետ, պատմաբան Արծվի Բախչինյանը: Նրա հետաքրքրությունները բազմազան են ու բազմածավալ: Հայերի հետքը փնտրող բազմաթիվ հրատարակություններին զուգահեռ այսօր ընթերցողի սեղանին է նրա պատմությունների ժողովածուն՝ «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում»: Ինչպես ինքն է նշում՝ իրական մարդկանց, կյանքի պատկերների հանրագումար է այն՝ տեսածը ոչ միայն սոսկ վերարտադրելու, երբեմն՝ ապրումից տրոհվելու ցանկությամբ, ինչու՞ ոչ, գուցե ենթագիտակցաբար, դրանց կյանքի սեփական ուղին շնորհելու մղումով: Ուստի որքան էլ «Նախաբան հեղինակից» մուտքում Արծվի Բախչինյանը կանխում է, թե գրականություն ստեղծելու հավակնությունից զերծ է, այնուամենայնիվ, նա տիրապետում է իրականությունը գեղարվեստականացնելու շնորհին: Էականն, անշուշտ, կյանքի ճանաչողությունն ու փորձառությունն է և պատկերների՝ անցողիկ, հպանցիկ՝ բանավոր կյանքից պոկելու ու գրավոր կյանքին պահ տալու մղումը: Իսկ միջոցը լեզուն է՝ պահը, ապրումը, զգացմունքը գոյականացնելու ճկունությամբ՝ երբեմն՝ թախիծով, երբեմն՝ հեգնանքով, երբեմն՝ ափսոսանքով, երբեմն՝ կարոտով, երբեմն՝ անթաքույց զայրույթով: Իրական այս պատմություններով Արծվի Բախչինյանը պարզապես անկարող է անհաղորդ լինել մարդու ցավին, չեզոք-անտարբեր կեցվածք ընդունել: Այդպիսին է նա նախ՝ որպես մարդ, ապա և՝ որպես մտավորական ու քաղաքացի: Ուրեմն միանգամայն պատճառաբանված է ու ներըմբռնելի պատմություններին կցված ընծայականների առկայությունը, որոնք, միևնույն ժամանակ, մատնացույց են անում մեր հասարակության, պետության խոցերը՝ մարդուն վիճակված ողբերգությունից ընդհուպ մինչև արվեստ, բնապահպանություն` միաժամանակ ինքնուրույն-անկախ ստեղծագործություն հանդիսանալով: Մյուս կողմից, այս պատմություններն ազդեցիկ են հենց իր՝ Արծվիի զգացումների կնիքը կրելու շնորհիվ. «…Ես կարծես հրաժեշտ տվեցի մանկությանս, քանի որ կյանքումս առաջին անգամ հասկացա և ապրեցի դիմացինի վիշտը…»,- այսպես է եզրափակում ցմահ բանտարկության դատապարտված Մհերին ընծայած «Նոյեմբերյան մի ցուրտ առավոտ» պատմությունը: Ազդեցիկ է այն էներգիան, որ Արծվին, թեկուզ և հեռահար, կարողանում է փոխանցել Մհերին՝ նրան քաջալերելու, հավատ ու հույս ներշնչելու մեր այս անհավատ ու բիրտ ներկայում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե սա ոչ այնքան իրական պատմություն է, որքան գեղարվեստական հորինվածք՝ իր ասելիքը «իրականության» երանգով քողարկած: Մինչդեռ բոլորովին այլ է բնության, գեղեցիկի, արվեստի, սիրո, անգամ ընկերության հանդեպ մեր վերաբերմունքը մերօրյա բարքերում, երբ զգացմունքների պոռթկումը ետ է մղվում քաղքենի ու անկիրթ հոգեբանության պարտադրանքով: Այս իմաստով միանգամայն դիպուկ խորագրեր է ընտրել Արծվին իր պատմությունների համար՝ «Ճորտուհու հեշտանքը», «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում», «Գրքերով տղան», «Երթուղային նովել», «Ծիրանի ծառ, բար մի տա…», «Աղբալից համայնապատկեր», «Նեղ օրերից երկուսը», «Դավաճանը» և այլն: Այս պատմություններում Արծվին ոչ միայն զանազան իրավիճակների (նաև՝ անհեթեթության հասնող) նկարագրությունն է տալիս կամ պարզապես մեղմ, ներողամիտ (ուրեմն և հասկացող) հայացքով ժպտում: Նրա տողատակերում կյանքի երանգներն են ուրվագծված՝ ցավոտ, կոպիտ, երբեմն՝ գռեհիկ, բայց ուղղված մի լուսավոր-երազային կետի: Այդպիսին է «Ճորտուհու հեշտանքը» պատմվությունը՝ իր գրեթե գեղարվեստական գյուտերով:
Անձեռնմխելի, անիմանալի հանգրվան, որին ապավինում է կինն իր միայնության, առհասարակ նվաստացումների պահերին. «Հռիփսիմեն ուժերը հավաքեց, ու հանկարծ չգիտես որտեղից գլուխը եկավ այն միտքը, որ երբ կսկսեն իրեն կարել՝ ինքը, որպես ինքնապաշտպանություն և բնական ցավազրկող, պահ կմտնի իր ամենահաճելի հիշողությունների մեջ» (էջ 35): Սա սոսկ գեղարվեստական հնարք չէ, այլ կնոջ հոգու գաղտնարանը թափանցելու ուժ, որ արդեն իսկ հուշում է գրականության մասին: Հռիփսիմեն տիպիկ նահապետական միջավայրի ծնունդ է՝ իր հարմարվողականությամբ, լռին հնազանդությամբ, անկամությամբ: Ամենքն, իրենից բացի, իրավունք ունեն նրա ճակատագիրը տնօրինելու: Օտարազգի, կիրթ, «նեմեցից» սարսափահար ազգուտակը չի երկմտում «պահած-մեծացրած» աղջկան կնության տալ ծեծող-ջարդող իսկական տղամարդուն՝ Գրիշին՝ «ածուխի պես աչք-ունքով, կոշտ ձեռքերով, մազոտ թևերով և կարմրած աչքերով մի մռայլ սևազգեստ գավառացու, որը տարիներ շարունակ ռուսաստաններում քեֆ քաշելուց հետո տուն է վերադարձել և հիմա անաղարտ հայ աղջիկ է ուզում՝ ընտանիք կազմելու և ցեղը շարունակելու վեհ նպատակով» (37): Արծվիի խոսքը դիպուկ է, կտրուկ, հակադրությունները՝ մի ողջ հասարակություն կերտող, հոգեբանությունը՝ տրամաբանության սահմաններից անդին: Մյուս կողմից, ակներև է հեղինակի զայրույթը. անհասկանալի է «ռոմանոն» ավարտած, մոր ու հասուն տանտիկնոջ կրավորական կամազրկությունը՝ վախից ու, որ ընդգծելի է, «ամոթից»: Եվ Արծվին բժշկուհու կերպարով նախատինք է նետում, թե «Ի˜նչ կարամ, որ ի˜նչ ասեմ… Ճիշտ խոսք ա, որ ամեն զոհ ինքն ա իր դահիճին գտնում» (34): Միայն թե երևակայության ու մտքի ուժը առավել զորեղ է, քան ծեծի, արգելքի սպառնալիքը, քանզի ոչ ոք ի զորու չէ գողանալ մարդուց նրա հիշողությունը, որ անէացնում է ներկայի սարսափն ու սիրո երանություն պարգևում ամենաանհավանական պահին…
Միանգամայն հակառակ զգացում է ապրում ֆուտբոլիստներին մերսողը: Վախենալով տգետ միջավայրի կողմից ծաղրի ենթարկվելուց՝ ակամա մասնակիցում է գեղեցկության ոչնչացմանը՝ մերսելով այն ոտքերը, որոնք վայրկյան առաջ տրորում էին այդ գեղեցկությունը: Իսկ «Ծիրանի ծառ, բար մի տա…», «Թավջութակը» պատմությունների հերոսներն, ընդհակառակը, չեն հաշտվում միջավայրի՝ իրենց պարտադրող բարքերի հետ, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է հաղթահարում իր առջև ծառացած «արմատացած համոզմունքները»՝ Կառան՝ բնակարանը վաճառելով, Էդվարդն ու Արմենը՝ երկակի կյանք վարելով:
Բոլոր պատմությունները մատնանշում են հայի նկարագրի մի ընդհանրական երանգ՝ սահմանափակություն: Ընդ որում, այդ սահմանափակությունն իր դրսևորումն ունի բոլոր նրբերանգներով: Դա հատկապես ցցուն է դրսևորվել հայ ու օտարազգի կերպարները համադրելիս: Արծվիի պատումների շարքում առանձնանում է «տատիկների հավաքածուն»: Այդ տատիկները իսկական հայի մարմնացում են՝ թե դրական և թե բացասական իմաստներով: Այսպես են հավերժանում «բանաստեղծելու շնորհով օժտված» տատիկները՝ առօրյա հոգսը, անցյալը, միայնությունը բանահյուսության վերածելու «կարողությամբ»: Ստեղծագործական շնորհի «բարիքներից» անուղղակի «օգտվում» ենք նաև մենք՝ Արծվիի միջնորդությամբ: Կարեկցանքի, անթաքույց ժպիտի միջով Արծվին զարմանքով արձանագրում է իրեն բանաստեղծելու մղող պարադոքսալ ուժի գոյությունը. «Ինչն է հետաքրքիր, որ Չարենց, Լորկա կամ Սյոդերգրան կարդալուց հետո գրել չի լինում, մինչդեռ բոլոր այդ բանաստեղծական պոռթկումները, ճիչերը, չափված-ձևված խոսքերը, խորհրդածությունները, խոստովանությունները, հայհոյանքները, զեղումները ինձ կրկին մղում են չափածո արտահայտման: Եվ որքան էլ չկայանամ որպես բանաստեղծ, սակայն շնորհակալ եմ ինձ շրջապատող այդ բոլոր բանաստեղծներից (երկսեռ), բանաստեղծուհիներից (նույնպես երկսեռ) և բանաստեղծիկներից, որ չեն թողնում կորչի իմ միջի բանաստեղծը…» (19): Ու թեև բանաստեղծ տատիկները տարօրինակ են, բայց՝ տանելի: Սարսափ են պատճառում փայտե ձու փոխանցող քաղքենի խանութպանուհին՝ «արևելյան կասկածամտությամբ ու …եվրոպական հովերով» աչքի զարնող իր անբարեկրթությամբ, «սև» տատիկը՝ համառ հետապնդումներով ու հանիրավի ամոթանքների տեղատարափով՝ փառահեղորեն ցուցադրելով հայի նեղմիտ հոգեբանության չնչինությունը, երբ ամենքի մեջ փնտրում են բանսարկուի ու մրցակցի՝ անկախ տարիքից, սեռից, միջավայրից ու աշխարհագրությունից: Նրանց ճիշտ հակապատկերն է ուկրաինուհի «սպիտակ» տատիկը, ով սրտացավորեն հետաքրքրվում է հայաստանյան կենցաղի հարմարավետությամբ և ազնվական կնոջ կամեցողությամբ մաղթում վայելել քաղաքակիրթ աշխարհի բարիքերը:
Եվրոպայի «բարիքները» յուրացնելու նպատակով Շվեյցարիայում հայտնված մերօրյա Պատրիկյանների կյանքից երկու դրվագ է ներկայացնում «Նեղ օրերից երկուսը» պատումը: Նար-Դոսի հերոսը փոխել է սոսկ կեցության աշխարհագրությունը: Ոչինչ այլևս չի փոխվել: Գոյելու նույն մաքառումն է, նույն քաղցած արվեստագետը: Ռուբիկը քաղցը բավարարելու տարբեր ուղիներ է մտմտում, տարբերակները ծանրութեթև անում: Ի վերջո հիշում է իր ծանոթ հայրենակցին՝ Կարենին: Նա հայտնվում է գրեթե քաղաքացիության կարգավիճակ ստացած, ապահով կյանքով ապրող համերկրացու տանը, ով բնավ չի զլանում «հարմոնիայի» վերաբերյալ օգտակար խորհուրդներ տալ, բայց արդեն օտարացած այս հայն աննրբանկատորեն «մոռանում է» ազգային ամենակարևոր ավանդույթներից մեկը՝ հայի հյուրասիրությունն ու հյուրընկալությունը: Եվ, ի հավելումն դրա, հաջորդ օրը զանգահարում ու ներողություն խնդրում, թե Խաննուշկայի պատրաստած համեղ ուտեստները ճաշակելը թեև ուշ չէ, սակայն պատրաստվում է կնոջ հետ քաղաքից դուրս գալ: Իսկ Ռուբիկը բարեկրթորեն շտապում է հանգստացնել նրան՝ բախվելով «հերթական նեղ օրվա ընթացքում» սնվելու «գռեհիկ» խնդրին: Նա ենթագիտակցաբար արձանագրում է, որ ազգային սովորույթներից հեռացումը զրկում է մարդուն մարդկային նկարագրից. «…զարմանքով նկատեց, որ իրեն դուր չի գալիս, որ շվեյցարուհի Հաննայի անունը նրա հայ ամուսնու բերանում ռուսացել է: «Փոխանակ Անի ասեր»,- մտածեց նա վրդովված հայրենասիրությամբ» (67): Բնավ պատահական չէ, որ պատմության նախաբանում, համադրելով հայ և օտար միջավայրերը, Ռուբիկի հիացական վերաբերմունքը աստիճանաբար տեղի է տալիս կշռադատված գնահատականին: Ընդ որում, դա իր կարգավիճակի հետ բնավ կապ չունի: Դա ազգային ինքնության ենթագիտակցական արձագանքն է, որ ակամա պոռթկում է ուսանողի մտորումներում:
Ծավալով փոքրիկ այս պատմության մեջ, արտաքուստ, Արծվի Բախչինյանն օրվա խնդիրն է արծարծում: Սակայն պատմության տարողունակությունը շատ ավելի ընդգրկուն է ու բազմազան: Այս իմաստով հետաքրքիր է հայի ու թուրքի փոխհարաբերության դրվագը: Թվում է՝ ոխերիմ ազգերի միջև ոչ մի ընդհանրություն չի կարող լինել թշնամանքից բացի: Իմանալով Ռուբիկի ազգությունը՝ Քենանը վախվորած սկսում է արդարանալ. «Ես հայերի ցեղասպանության մասին ոչինչ չգիտեմ, ես այդ ժամանակ ծնված չեմ եղել ու քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում…», սակայն հետագա շփումները տանում են դեպի բարեկամություն, ու թուրքը սովորում է ողջունել հայերեն և «շաուրման անվանել Կարսի խորոված» (65): Քենանը, գուցե, շատ ավելի նրբանկատ կգտնվեր Ռուբիկի հանդեպ, քան համերկրացի Կարենը, սակայն հերոսի ինքնասիրությունից վեր է օտարից օգնություն հայցելը: Սա է արվեստագետը`ընդգծված ինքնասիրությամբ, անհասկանալի հպարտությամբ, որ հաճախ նրան դատապարտում են տառապանքի, միայնության, բայց նաև հպարտ անկախության:
Այս նույն զգացումների հակասականությունն է ապրում նաև «Դավաճանը» պատմվածքի անանուն հերոսը: Թերևս արժե մի որոշ դիտավորություն փնտրել նրանում, որ Արծվի Բախչինյանը նրան ներկայացնում է առանց անվան: Նպաստ ստանալու պատճառով թեև «խղճի խայթ էր զգում» հերոսը, սակայն, աստիճանաբար հարմարվելով իր կարգավիճակին, մտածում է, թե «…այս երկիրը չի տրորում արժանապատվությունը՝ անկախ ազգությունից, ինչը չես կարող ասել քո այսօրվա հայրենիքի… մասին» (95): Ողջ պատումը կրկին կառուցված է հակադրության վրա՝ զգացմունքների հակասականություն, ապրումների տեղատվություն, որ հերոսը խլացնում է «բանականության» բռնի գործադրումով: Սերը, հայրենիքը, կարոտը՝ որպես հոգևոր աշխարհ, ոչնչացվում է, և նրանց փոխարինում է քաղքենին՝ բարեկեցիկ ու ապահով կյանքի հմայքով կուրացած: Հատկանշական է, որ հերոսը ոչ այնքան միմյանց է հակադրում Հայաստանն ու Շվեդիան, որքան Հայաստանն ու Հայաստանը: Ավերվել է մի ողջ աշխարհ՝ ավանդակեցությամբ ամրագրված, իր մանկության բույրերով ու համերով, թանկ ու հարազատ մարդկանցով, «բայց սուտ կլինի, որ ասի, թե կարոտում է իր մոտ անցյալի հիշողությունները…» (96): Անշուշտ, այս խոհերը սոսկ ինքնարդարացման համար են, քանզի ինքնախարազանման, տվայտանքի պահերը հուշում են, որ ինքը «դավաճան» է, որովհետև այնտեղ՝ հայրենիքում, մարդիկ դեռ շարունակում են ապրել, դիմակայել դժվարություններին: Իսկ այդ դժվարություններին, իրոք, յուրօրինակ են դիմակայում «Աղբալից համայնապատկեր» և «Խղճով լույսի մարդը» պատմությունների հմայիչ հերոսները՝ Տիգրանը՝ իր բարեհոգի վերաբերմունքի պատճառով աշխատանքից զրկվելով, երիտասարդ ամուսինները՝ անամոթ հարևանների փնթիության հետ հաշտվելով ու «իրենց մաքրասիրությամբ երես» չտալով…
Անշուշտ, հնարավոր չէ մեկ առ մեկ անդրադառնալ ժողովածուի պատմություններին: Պարզապես որպես հավելում նշենք, որ մի առանձին ճաշակով է Արծվի Բախչինյանը ձևավորել իր գիրքը: Թվում է՝ ամերիկաբնակ գեղանկարիչ Սուրեն Ներսիսյանն իր սքանչելի կտավները ստեղծել է հենց այս գրքի համար, իսկ Արծվիին պարտադրենք, որ ընթերցողին չզրկի աշխարհում մտովի ճամփորդելու հաճույքից՝ մոտ ապագայում մեզ հրամցնելու իր ուղեգրությունների գիրքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել