Հարգելի գործընկերներ, երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց իմ և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Նախագիծը հարկ է բաժանել երկու մասի` հուշարձանի տեղափոխում և հուշարձանի փոփոխում: Հիմնական խնդիրը, որը կարգավորում է նախագիծը, հուշարձանի տեղափոխումն է: Գործող կարգը թույլատրում է պատմության և մշակույթի հուշարձանը տեղափոխել 2 խումբ հիմքերով` 1. երբ անհրաժեշտ է կանխել հուշարձանի կորուստը, և 2. քաղաքաշինական նպատակներով: Մենք առաջարկում ենք խստացնել կարգը և թույլ տալ տեղափոխել հուշարձանը միայն և բացառապես այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի նյութական պահպանության, նրա կորուստը կանխելու համար:

Մենք առաջարկում ենք նաև հուշարձանի փոփոխմանը վերաբերող դրույթները կառավարության որոշումից բարձրացնել օրենքի մակարդակի, ինչպես նաև կատարել որոշ ճշգրտումներ, ինչը անկասկած առավել կայունություն և հրապարակային վերահսկողության հնարավորություն կհաղորդի այս հարաբերություններին:
Ի դեպ, այս հարցի հետ կապված դեռ աշխատանք պետք է կատարվի առաջինից երկրորդ ընթերցման փուլում, ինչ մասին ես նշել եմ նաև իմ ելույթում: Այն տարբերակը, որ կա փոփոխման մասով պետք է խմբագրվի: Սա անհրաժեշտ է, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի փոփոխման հետ կապված մեր առաջարկի նպատակների և շարժառիթների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել