Ուրուգվա՛յն է առաջինը Ցեղասպանությունը ճանաչել, ոչ թե՝ Արգենտինան:
կամ
Աշխարհի առաջնությանը զուգահեռ-1
Ըստ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հարցին, թե որ թիմը կդառնա չեմպիոն կամ որ թիմին է համակրում, պատասխանել է. «Կարծում եմ, Արգենտինան է հաղթելու: Արգենտինան նաև առաջինն է ճանաչել Ցեղասպանությունը, դու հասկանո՞ւմ ես: Մենք ազգովի պարտական ենք»:
Այսպես ուրեմն: Ես չգիտեմ, թե ով ում է «բալետ անում» կամ «մենք ազգովի» ում ենք ինչ պարտական, բայց նախ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է ոչ թե Արգենտինան, այլ՝ Ուրուգվայը՝ 1965թ.-ին: Իսկ Արգենտինան ճանաչել է 2003 թվականին, հետագա տարիներին էլ մի քանի անգամ ամրագրել այդ որոշումը: 
Եթե ԱԺ պատգամավորը դա չգիտե, և եթե ՖԲ ընկերներիս մեջ Գագիկ Մելիքյանին ճանաչող կա, ասեք, թող մարդն իմանա ու իրականությանը չհամապատասխանող բաներ չասի՛, ի վերջո, դեպուտատ է: Չի կարելի, իհարկե, բացառել, որ միգուցե լրագրողը ճիշտ չի ընկալել պատգամավորի ասածը և շփոթել է, բայց «ամեն ինչ ձայնագրվում է» ռեժիմով աշխատող արդի լրագրության պայմաններում դա քիչ հավանական կարելի է համարել: Ինչևէ: Միգուցե Գ.Մելիքյանն Ուրուգվայի՞ «բալելչիկ» է: Ասեմ, ի դեպ, որ Ուրուգվայն էլ կարգին թիմ ու ֆուտբոլ ունի, և ոչ միայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին երկիրն է, որի ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն (1930-ին վայ թե), հա, ու մի հատ էլ 1950-ին կրկնակի չեմպիոն է դարձել: Ֆուտբոլին բուքմեյքերաբար հետևողներին էլ հիշեցնեմ, որ Սուարեսն ու Ֆոռլանն էդ թըմից են: 
Մի խոսքով, ֆուտբոլ կարող եք և չսիրել, բայց գոնե իմացեք, թե որ երկիրը որն է, երբ, օրինակ, խոսում եք Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել