Ճիշտն ասած՝ տարբեր մակարդակներով Միկոյանի միկրոպատճաններն են եղել Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը... երեսնական թվականներից մինչև հիսունականների վերջը հայ «նացիոնալիստներին»«թափթուկ տրոցկիստներին»«մաուզերիստ խմբապետերին»«բուրժուական իմպերիալիստների ջրաղացին ջուր լցնողներին»՝ Խանջյանին, Ներսիկ Ավետիսյանին, Բակունցին, Չարենցին, Թոթովենցին, Ալազանին, Մահարուն... մերկացնողները: «Ժողովուրդների հանճարեղ հոր» մահից և Բերիայի գնդակահարությունից անմիջապես հետո սկսեցին խոսել Չարենցի, Շանթի գործերի հրատարակության (նույնն է արել Միկոյանը) և, իհարկե, «մեղավոր ժամանակների» մասին, որի «բարոյական զոհերն» իրենք էին... Ժամանակին Մահարուն ուղղակի հետապնդող Զարյանը խիստ զայրացած հարցնում էր, թե ի՞նչ կարիք կա հին մեռելները հանել: Սրանք բոլորը հրատարակված նյութեր են: Ինքը՝ Զարյանը, ՀՍԽՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր էր, ՀՍԽՀ պատվարժան մտավորական, հարգված գրող... Մահարին՝ աքսորավայրերում տանջված «ժողովրդի թշնամի»: Երկուսն էլ՝ Ցեղասպանությունից փրկվածներ, միասին էին մեծացել որբանոցներում: Իսկ հիմա Զարյան, Քոչար փողոցների, դպրոցների անունները, քանդակները «զարդարում են» Հայաստանի շատ բնակավայրեր: Երբ Գուրգեն Մահարու՝ այժմ արդեն հանգուցյալ որդին փորձեց բարձարացնել այս հարցը, Գրողների միության և Գրականության ինստիտուտի ջանքերով «ջրվեց», նրան խորհուրդ տվին «հին դարմանը քամուն չտալ»: Միկոյանը նրանցից հաստատ ավելի վատը չէր, ծավալներն էին տարբեր: Կարծում եմ՝ այս փուլում մենք գուցե կարողանանք դեմ կանգնել այս «բարոյական զոհերի» նոր անուններով մեր շրջապատը «զարդարելուն», բայց մեր ժողովրդի և մեր երկրի ողջ վաղ անցյալի այդ փուլը, իհարկե, լուրջ քննարկման կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել