Ա՜յ քեզ նորություն: Մեր բարձրաստիճան զինվորականներն ու ռազմական գործիչները վրա-վրա աննախադեպ հայտարարություններ են անում: Հիմա էլ Կոմանդոսն է խախտել լռությունը ու «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ իր ունեցած տեղեկություններով, Նախիջևանի սահմանագծին տեղի ունեցած ոտնձգությունը լցրել է հայկական կողմի համբերության բաժակը, և հիմա հայկական կողմը նախապատրաստական լուրջ աշխատանքներ է տանում Ադրբեջանին սթափեցնող, լուրջ ու շոշափելի հարվածներ հասցնելու համար:

Հիշեցնեմ, որ դրանից վաղ Սեյրան Օհանյանն էր հայտարարել, որ Ադրբեջանի արկածախնդրությունը իր համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Բացի դրանից, Օհանյանն իր մոտ էր հրավիրել Մինսկի խմբի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ու պաշտոնապես բողոքի նոտա փոխանցել նրան և դրանից հետո բառացիորեն մի քանի օր անց մեկնել է Մոսկվա...

Ամբողջական պատկերի համար պետք է հիշել նաև ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որը նա արել էր մայիսի վերջին, ու ասել էր, որ հայկական կողմը գրավում է այն դիրքերը, որոնցից մեր զինվորների ուղղությամբ կրակ է բացվում:

Հավանաբար, հիմա դիվանագիտական ու ռազմական շատ լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք միայն այսբերգի գլխամասն ենք տեսնում, սակայն անհերքելի է այն փաստը, որ Ադրբեջանը կարծես վերջնականապես մոռացել է, թե ով էր պարտվող կողմը ու ում խնդրանքով հաստատվեց զինադադարը: Ադրբեջանին պետք է հիշեցնել այս իրողությունները, ինչպես նաև այն, որ իրենց գեղեցիկ աչքերի համար չէր, որ մենք կանգ առանք, բայց միևնույն ժամանակ, թող չմոռանան, որ մենք հավերժ կանգ չենք առել, ու եթե համը հանեն, այս անգամ կանգնեցնել չեն հասցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել