Որևէ մեկը վերջերս երբևէ ուշադրություն դարձրել է Հայաստանի խորհրդարանում ներկայումս առկա քաղաքական ուժերի հարաբերակցությանը: Շատ հաճախ ՀՀԿ-ականներից լսում ենք բարձրագոչ հայտարարություններ, թե մեր որոշումները դրանք ժողովրդի որոշումներն են, իսկ ժողովուրդը իր քվեով ՀՀԿ-ին պառլամենտում օժտել է քաղաքական մեծամասնությամբ: Բայց եկեք իրականում դիտարկենք, թե արդյո՞ք իրենց որոշումները արդարացնելու հարցում հաճախակի ժողովրդին հղումներ անողների հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, պառլամենտում մեծամասնությո՞ւն է, թե՝ ոչ:
Եվ այսպես, հասկանալու համար, թե որքանով է կոնկրետ քաղաքական ուժը մեծամասնություն, կամ հակառակը, պետք է տեսնենք, թե տվյալ կուսակցությունը համամասնական ցուցակով քանի պատգամավոր ունի պառլամենտում: Եթե նույնիսկ զոռ տանք մեր երևակայությանն ու համարենք, որ ընտրություններն անցել են ազատ և արդար, ապա, նույնիսկ, այս պարագայում ՀՀԿ-ն համամասնական ցուցակով Ազգային ժողովում ունի 40 պատգամավոր: Այսինքն՝ պառլամենտում 90 համամասնական տեղերից միայն 40-ն է ՀՀԿ-ինը, իսկ մնացածը՝ ընդդիմությանը և այլընտրանքին: Սա նշանակում է, որ ժողովրդի 45 տոկոսն է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ձայն տվել, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն պառլամենտում 45 տոկոսով է ներկայացված, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն պառլամենտում մեծամասնություն է միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն այլևս փոքրամասնություն է (հատկապես այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից) և, վերջապես, սա նշանակում է, որ ՀՀԿ-ականները իրենց որոշումներում ժողովրդի մեծամասնության անունից հանդես գալուց առաջ պետք հիշեն այդ կարևոր փաստերի մասին:
Հ.Գ. Ստեղծվել է մի աբսուրդային իրավիճակ, երբ ժողովուրդը մի կուսակցությանը վստահության 45 տոկոս քվե է տվել, բայց այդ կուսակցությունը պառլամենտում բացարձակ մեծամասնություն է: Ահա թե ինչու ՀՀԿ-ում այդքան չեն ցանկանում անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել