Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե կորցնում է տրամաբանորեն վերլուծելու իր ունակությունները, քանի որ նրա յուրաքանչյուր նոր վերլուծություն ավելի անհամոզիչ է, քան նախորդը: «iLur.am» լրատվական կայքում հրապարակված «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» հոդվածը արդեն նույնիսկ հնարավոր չէ որակել որպես խորտակվող նավի փրկվելու վերջին փորձ, որովհետև այն լի է հակասություններով՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյանին հարձակման թիրախ դարձնելու հետ կապված: Չէ՞ որ հայտնի «հրաշալի քառյակը», որի կազմում ընդգրկված է նաև ՀԱԿ-ը, տևական ժամանակ պայքար էր մղում վարչապետի փոփոխության համար՝ աշխարհի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդ որում, վարչապետի փոփոխությունը մոլեռանդորեն պահանջողները հնարավոր չէ, որ չգիտակցեին այն ակնհայտ հեռանկարը, թե Տիգրան Սարգսյանի այլընտրանքը կարող է լինել միայն «այլընտրանքի» խնամի Հովիկ Աբրահամյանը, ինչը, իհարկե, առաջին հերթին պետք է Գագիկ Ծառուկյանի ցանկությունը լիներ, հետևաբար` նաև Լևոն Տեր-Պետրոսյանինը: Դրա պատճառն այն է, որ, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, վերջին 1-2 տարիներին Գ.Ծառուկյանի կողմից ՀԱԿ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու արդյունքում Ծառուկյանը դարձել է Իվանիշվիլիից ոչ պակաս, իսկ Ծառուկյանի ցանկությունը դարձել է Տեր-Պետրոսյանի ցանկությունը: Այսինքն, Հովիկ Աբրահամյանը քառյակի, նաև ՀԱԿ-ի ու ԼՏՊ-ի նախընտրած թեկնածուն էր և նշանակումից հետո սկզբնական շրջանում «հրաշալի քառյակը» կարծես թե առանձնապես դեմ էլ չէր նոր վարչապետին և նրա հետ հույսեր էր կապում: Ավելին, իրենց չափից դուրս մեծ դեր վերագրելով՝ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ՝ ի դեմս Լյովիկ Զուրաբյանի, այնքան էին երազանքների գիրկն ընկել, որ վարչապետի փոփոխությունը համարում էին իրենց պայքարի արդյունք:
Այժմ արդեն անհասկանալի է, թե ինչպես Հովիկ Աբրահամյանը հանկարծ ԼՏՊ-ի համար դարձավ բացասական կերպար, իսկ նրա ծրագրերը դարձան խիստ դատապարտելի: Կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատած վարչապետները անթերի են աշխատել ու երևի այդ պատճառով էր, որ քաղցած և կիսաքաղցած ապրելը ԼՏՊ-ի օրոք դարձել էր օրինաչափություն: ՀՀՇ-ական ավազակախմբի իշխանության տարիների տնտեսական խայտառակ ցուցանիշներին դեռ շատ առիթներ կլինեն մանրամասն անդրադառնալու, իսկ այժմ կարելի է ուշադրություն դարձնել վերոհիշյալ հոդվածի առավել ուշագրավ և զավեշտալի մասին՝ Գագիկ Ծառուկյանի բացահայտ գովքին: Փաստորեն, հիշողության կորստով տառապում են ոչ միայն Տեր-Պետրոսյանի հետևորդները, այլև ինքը՝ Տեր-Պետրոսյանը, ով մոռացել է իր և Ծառուկյանի նախկին փոխհարաբերությունների մասին և ՀԱԿ-ի նախկին կարգախոսները: Եվս մեկ անգամ ԼՏՊ-ն շեշտեց Ծառուկյանի կարևորությունը և իր կարծիքով, նրա դերակատարության նշանակությունը: Սա նաև կոչ էր Ծառուկյանին՝ հրաժարվելու համագործակցել իշխանական կողմի հետ, և համագործակցել միայն նախկին իշխանությունների, այսինքն՝ ՀԱԿ-ի հետ և, իհարկե, շարունակել ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին:
Ուշադրություն դարձրեք նաև ԼՏՊ-ի՝ իր հոդվածի վերջնամասում արտահայտած այն մտքին, որ «ազգակործան իշխանությունից» ազատվելու համար բուն գործողությունները իրենք կսկսեն իրականացնել առաջիկա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում, այնինչ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախկինում հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը երկրի նախագահին ներկայացնելու համար պատրաստ կլինի միայն 2015թ. հունվար-փետրվարին, որից հետո նոր կանցկացվի հանրաքվեն: Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անելու «հրաշալի քառյակը» մինչև 2015-ի մարտ ամիսը, միգուցե հարկադիր արձակու՞րդ է գնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել