«Ինչպե՞ս կարող էր Միկոյանը փրկել  Թումանյանի որդիներին, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում»Սկսենք սկզբից: Այս պարոնը խիստ սելեկտիվ հիշողությամբ պատասխանելով կոնկրետ հարցադրումներին՝ Հայաստանի հասարակության մի մասին մեղադրում է փաստերի քաղաքականացված ըտրության մեջ: Հիմա ես մի փոքր կուզենայի նրա հիշողությունը թարմացնել: Գուցե իրավացի է Միկոյանի այս թոռը՝ իր պապի երիտասարդ տարիքին վերագրելով Արևմտյան Հայաստանի վրա խաչ քաշելու նրա առաջարկը: Հիմա ես հղում եմ մի քանի փաստաթղթեր, որոնք ուղղակի վկայում են, որ երիտասարդ Միկոյանի համար Թուրքիան որպես երկիր, ավելին՝ որպես թուրքերի երկիր, առանցքային կարևորության հարց էր, և, ով գիտե, եթե թուրքերը չշտապեին այն հայաթափել, երիտասարդ հեղափոխականի բորբոքված երևակայությունը կարող էր այդ առաջարկել: Ահա մի հատված՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ երիտասարդ Անաստաս Միկոյանի առաջարկներից: Այս հատվածը վերցված է արդեն խորհրդայնացած Ադրբեջանի /1920թ. ապրիլի 28/ կուսակցական կոմիտեի անդամներ Նարիմանովի, Մդիվանիի, Միկոյանի, Նանայշվիլու համատեղ նամակից, որը գրվել այն ժամանակ, երբ Նժդեհը սարսափելի դժվարություններով Զանգեզուրը փորձում էր պահել Հայաստանի կազմում և Մոսկվայում քննարկվում էր Զանգեզուրը և Ղարաբաղը Հայաստանի կազմում թողնելու հեռանկարը. ՛՛Զանգեզուրի հյուսիսում՝ Քրդստանում կիսով չափ կազմավորվել են սովետները, իսկ մյուս մասում միանգամայն բարեհաջող իրավիճակ է: ...Մեր քոչվորների՝ քրդերի ռազմական տրամադրություններն առանց դժվարությունների կարելի է և պետք է ուղղորդել Արդրբեջանի սահմանների պաշտպանությանը պայմանով, որ Զանգեզուրում դաշնակներին ջախջախեն: Զանգեզուրը սովետական իշխանությանը միացնելը /կարդա՝ ԱդրբեջանինխՀ.Խ./, նշվածից զատ, կնպաստի Նախիջևանի և Անատոլիայի հետ մեր կապերի վերականգնմանը և թուրքական հեղափոխական շարժման համար ամուր թիկունք կդառնա... Ադրբեջանը իր հին սահմաններում /????-Հ.Խ./ պահելու սովետական իշխանության անկարողությունը անվստահություն կառաջացնի մահմեդականների մեջ, կդիտվի դավաճանություն, հայամետություն կամ Սովետական իշխանության թուլություն... Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակների հաստատումը կընդհատի Թուրքիայում հեղափոխական շարժումը, նրանց զրկելով մեր օգնությունից և նրանց համար սպառնալի թիկունք ստեղծելով /???-Հ.Խ./: Մենք Կենտրոնին զգուշացնում ենք Զանգեզուրի և Ղարաբաղի շուրջ զերծ մնալ տատանումներից հանուն այն բանի, որպեսզի Կարմիր բանակի հովանավորության տակ գտնվող Ադրբեջանը որպես բիճ չմասնատվի հայերի ու վրացիների միջև /???-Հ.Խ./, այլև դառնա Արևելքի դասակարգային հեղափխության վերազգային ամուր կենտրոն՛՛: Մարքսիզ Լենինիզմի ինստիտուտի Կուսակցական արխիվում պահպանվող այս նամակը գրվել է ... 1920թ. հուլիսի 10-ին, Շուշիի հայության սարսափելի ջարդերից /1920թ. մարտի 22/ երեք ամիս և Սարդարապատի ճակատամարտից քառասուն օր հետո, երբ թուրքական կանոնավոր բանակն ամեն ինչ անում էր Հայաստանը վերացնելու: Միկոյանը փաստորեն առաջարկում է բոլշևիկներին միանալ նրանց: Միկոյանի ժառանգների ընտրաբար աշխատող հիշողությունը թարմացնելու համար թերևս արժե վերահրատարակել 1919-20թթ. Միկոյանի գրագրությունների՝ առնվազն իմ ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի փաթեթը, որոնցում ստի ու գաղափարախոսական հռետորաբանության ողջ զինանոցով հասունացվում է Հայաստանի և հայերի հաշվին «արևելյան բոլշևիզմը» թուրքացնելու նրա տեսլականը: Սակայն դեռ կսպասեմ այս հարցազրույցի շարունակությանը: Գուցե Միկոյանի թոռան հիշողության պահեստարաններում նորանոր դրվագներ հայտնաբերվեն: Միայն թե ինձ շարունակ հետապնդում է այն միտքը, թե ի՞նչու են այս մարդիկ Միկոյանի արձանը հենց Հայաստանում ուզում տեսնել: Մի՞թե այն պատճառով, որ Միկոյանն ամենից շատ Հայաստանին է վնասել: 

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել