Մարդը գալիս է այս աշխարհ, չի հասկանում՝ ով է ինքը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է այստեղ, ի՞նչ է անելու հետո: Կյանքի առաջին մի քանի տարին անցնում են և սեռազարգացմանը զուգահեռ սկսում է զգալ հորմոնային խմորումներ, հետո նկատում է, որ հակառակ սեռի ներկայությամբ այդ խմորումները հաճելի են դառնում: Այնուհետև կինն ու տղամարդը արագորեն որոշում են զույգ դառնալ, միանալ՝ ենթադրելով, որ դրանով լուծելու են իրենց հիմնական խնդիրը:
Երբ մարդիկ զույգ են կազմում, օրինակ, քսան տարեկանում՝ համոզված, որ հավերժ երջանկություն են գտել, դա կարելի է համեմատել տարբեր նպատակներով, տարբեր ճարտարապետների կողմից կառուցվելիք նորակառույցների: Ենթադրում են, որ ժամանակի ընթացքում համաչափ կկառուցվեն ու նույն բարձրությունն ու ամրությունը կունենան: Ցավոք, ավելի հաճախ ժամանակն այլ բան է ապացուցում: Այդ «կառույցների» անհամապատասխանությունից մարդը տարիների ընթացքում դադարում է զարգանալ, դառնում է ինֆանտիլ և սկսում է անկամ, գորշ կյանքով ապրել: Ինքն իրեն չճանաչելու կամ դա չցանկանալու, կամ դրա կարևորության մասին չիմանալու արդյունքը լեփ-լեցուն հիվանդանոցներն են ու փողոցներում հանդիպող խոժոռ ու ամեն ինչից դժգոհ, թթված դեմքերը: Իսկ եթե մարդը գտել է իր տեղը, նա չի կարող լինել ագրեսիվ ու չար, նա ոչ մեկին ոչինչ ապացուցելու խնդիր չունի: Ապրում է իր կյանքն ու հանդուրժողաբար ընդունում մյուսների քայլերը:
Ուղղակի մի պահ կանգ առեք ու հիշեք, որ այս աշխարհ գալու մեր նպատակը միայն նյութական աշխարհի բնական արդյունք տառապանքի քանակությունը մինիմումի հասցնելը չի: Իսկ թե ի՞նչն է` կհասկանաք, եթե նայեք ձեր ներսը, ոչ թե ուրիշների քայլերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել