Այն, որ Ղազախստանի նախագահը ստանձնել է Ադրբեջանի շահերի գերագույն պաշտպանի դերը, թերևս միանգամայն տեղավորվում է այդ երկրների դիվանագիտական ներկայիս առաջնահերթությունների մեջ և, բնավ տեղին չէ այս հարցում զավեշտներ փնտրելը: Շատ պարզ քաղաքական տորգ է. այնտեղ, որտեղ ներկայացված Ղազախստանը պաշտպանում է Ադրբեջանի շահերը և հակառակը: Այս ամենը պարզ էր ապրիորի, սակայն երբ Նազարբաևը ԵՏՄ տնտեսական խորհրդի նիստում բաց ռեժիմով սկսում է կարդալ իր գործընկեր Ալիևի նամակը, որի հիմնական մեսիջը այն էր, որ Հայաստանը կարող է այդ միության անդամ դառնալ առանց Լեռնային Ղարաբաղի, ապա ակնհայտ է դառնում, որ խնդիրը սոսկ Հեյդարին հերթական անգամ անիմաստ հաճոյանալու մեջ չէ: Ընդհանրապես, Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները, Ղրիմի փաստացի նոր կարգավիճակը անհայտորեն լուրջ խորհելու տեղիք են տվել ԵՏՄ երկու հիմնադիր անդամների` Ղազախստանի և Բելառուսի ավտորիտար լիդերներին: Այս առումով պատահական չէր բոլորովին վերջերս Լուկաշենկոյի հայտարարությունն առ այն, որ Բելառուսում բացառվում է ուկրաինական դեպքերի կրկնությունը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ Հայաստանի հետ ուղիղ խոսելով, իրականում Ղազախստանի նախագահը ենթատեքստով փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ բոլորովին խանդավառված չէ այն ամենից, ինչ տեղի է ունեցել/ունենում Ուկրաինայում: Ի վերջո Ղազախստանում էլ քիչ չեն ռուսների գերազանցությամբ բնակեցված տարածքներ, որոնք հնարավոր է ունենան սեպարատիստական ձգտումներ: Ըստ էության, Նազարբաևի կողմից սա բավականին խնամքով հաշվարկված քայլ էր, որում, կարծես թե, ոչ մի խոցելի տեղ չկա: Մի կողմից նա սիրաշահում է Ադրբեջանին, իսկ մյուս կողմից քար նետում ռուսների բոստանը` հստակ գիտակցելով, որ ներկայում դժվար թե Մոսկվայից ինչ-որ համարժեք պատասխաններ ստանա: 
Դժվար է ասել, թե որքան հեռու կգնա իր նկրտումների մեջ Նազարբաևը. գուցե, կփորձի օգտագործելով իր դիրքը նոր պահանջներ առաջ քաշել, սակայն ակնհայտ է, որ ռուբիկոնն անցնելու պարագայում բացահայտ բախվելու է Ռուսաստանի շահերին դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հ. Գ 1. Այս գործընթացում բնավ մեր դերը նսեմացնելու կամ բացառապես Ռուսաստանի շահերի տիրույթում խնդիրը ներկայացնելու միտում չկա: Մի բան ակնհայտ է, որ մենք պետք է շարժվենք բացառապես մեր շահերի առաջմղման տրամաբանությամբ, որը ցանկացած ինտեգրացիոն գործընթացի առանցքային սկզբունքն է մեզ համար: 
Հ. Գ. 2. Վերջին շրջանում որոշ քաղաքական և քաղաքականամերձ շրջանակներ խոսվում են այն մասին, թե նախագահ Սարգսյանը իրականում համարժեք չի պատասխանել Նազարբաևին: Նման քննարկումները որևէ աղերս չեն կարող ունենալ իրական քաղաքականության և դիվանագիտական էթիկայի կարևորագույն սկզբունքների հետ: Տվյալ դեպքում իռացիոնալ քայլ կատարել է Ղազախստանի նախագահը, որին իր հավասարակշիռ ու ռացիոնալ պահվածքով պատասխանել է ՀՀ նախագահը: Իսկ նման բարձր մակարդակի հարաբերություններում ցանկացած իռացիոնալ քայլ, ինքնին էական վրիպում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել