Պառլամենտական կառավարման ձևերում պառլամենտի նախագահը երկրի առաջին դեմքը չէ ոչ դե յուրէ, ոչ էլ դե ֆակտո, ինչպես հաճախ նշվում է: Այդ դեպքում, դե յուրե առաջին դեմքը նախագահը կամ միապետն է, իսկ դե ֆակտո՝ վարչապետը: Վարչապետի ձեռքում են կենտրոնացվում գործադիրի բոլոր ռեսուրսները, և նա կառավարչական ֆունկցիաներով ամենաազդեցիկ պաշտոնյան է: Օրինակները բազմաթիվ են. Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Իտալիա, Ավստրա և այլն: Պառլամենտի նախագահը և, ընդհանրապես, պառլամենտը, իբրև պետական կառավարման մարմին, նույնիսկ ավելի քիչ ազդեցություն ունեն պետական կառավարման ոլորտում, քան նախագահական կառավարման դեպքում, քանի որ վերջինի դեպքում գործադիրը կարող է ձևավորվել անկախ պառլամենտական ուժերի հարաբերակցությունից, այսինքն՝ կառավարությունը կարող է չներկայացնել պառլամենտում մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ուստի և պառլամենտն իր գործունեությունում ավելի անկաշկանդ է: Այս պարադոքսալ թվացող իրողությունն ունի պարզ բացատրություն. պառլամենտական կառավարման ժամանակ գործում է խիստ կուսակցական մեխանիզմը, և կառավարության ղեկավար դառնում է օրենսդիր մարմնում մեծամասնություն ունեցող կուսակցության ամենաազդեցիկ դեմքը, հետևաբար՝ կառավարության որոշումներն այնտեղ հեշտությամբ հաստատվում են: Պառլամենտնական կառավարման ժամանակ թուլանում է նախագահի դերը, ում լիազորությունների մի մասը փոխանցվում է կառավարության ղեկավար վարչապետին: Կոչվում է պառլամենտական կառավարման ձև, քանի որ այս դեպքում մեծանում է կառավարության դե յուրե հաշվետվողականության ինստիտուտը պառլամենտի առջև՝ ի հաշիվ նախագահի՝ փոխարենը կրճատվելով դե ֆակտո հաշվետվողականության ինստիտուտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել