Իրոք, դեռատի աղջիկը շատ պատրանքներ ունի, նա այնքան անփորձ է, ու նրա սիրո մեջ մեծ դեր է կատարում բնազդը, և դրա համար նրա վրա հաղթանակ տանելու միտքը դժվար թե շոյի երիտասարդին: Իսկ կինը ահագին զոհաբերությնունների է գնում մտածված կերպով: Առաջինը տարվում է հետաքրքրասիրությամբ, սիրույն խորթ հրապուրանքներով, մյուսը` գիտակցաբար ենթարկվում է զգացմունքներին: Մեկը ենթարկվում է, մյուսը` ընտրություն անում: Այդ

 ընտրությունը ինքնին անհունորեն շոյիչ է: Կյանքի ճանաչողությամբ զինված` կինը, որի համար գրեթե միշտ նա թանկ է վճարում իր դժբախտություններով, տրվելով կարծես ավելին է տալիս, քան ինքն է, մինչդեռ դեռատի աղջիկը` անփորձ ու դյուրահավատ, ոչինչ չիմանալով, չի կարող ոչինչ համեմատել, ոչինչ գնահատել, նա ընդունում է սերը և ուսումնասիրում է այն: Կինը մեզ ուսուցանում է, խորհուրդներ տալիս այն տարիքին, երբ մարդը դեմ է, որ իրեն ղեկավարեն, երբ հաճելի է հնազանդվել, աղջիկն ուզում է ամեն ինչ ճանաչել և միամիտ է այն բանում, որում կինը քնքուշ է: Առաջինը ձեզ միայն հաղթանակ է պարգևում, մյուսը ձեզ հարկադրում է մշտնջենական պայքար մղել: Առաջինը միայն լալիս է և սփոփանքներ փնտրում, երկրորդը` հեշտասիրություն ու խղճի խայթեր ունի: Եթե դեռատի աղջիկը սիրուհի է դառնում, նշանակում է, որ նա չափազանց փչացած է և նրան այն ժամանակ գարշանքով կլքեն: Մինչդեռ կինը հազարավոր միջոցներ ունի պահելու միաժամանակ թե իր իշխանությունը և թե իր արժանապատվությունը: Մեկը խիստ հնազանդ է և նրա հարատևությունը տաղտկացնում է ձեզ, մյուսը խիստ շատ է կորցնում, որպեսզի իր սիրուց չպահանջի նրա բոլոր այլափոխությունները. մեկը պատվազրկում է միայն իրեն, մյուսը հանուն ձեզ կործանում է ամբողջ ընտանիքը: Դեռատի աղջկա պչրանքը միօրինակ է և ենթադրում է, որ ամեն ինչ ասված է, երբ հանում է շորերը. բայց կինը ունի հազարավոր պչրանքներ և ծածկվում է հազարավոր քողերի տակ. վերջապես նա շոյում է բոլոր սնափառությունները, իսկ աղջիկը` միայն մեկը: Անվճռականություններ, սարսափներ, երկյուղներ, հուզումներ և փոթորիկներ են խռովում երեսնամյա կնոջը, մի բան, որ չի կարելի հանդիպել աղջկա սիրո մեջ: Հասնելով այդ տարիքին, կինը պահանջում է, որ տղամարդը նրա նկատմամբ հարգանք տածի, դրանով հատուցելով այն, ինչ ինքը զոհաբերել է նրան: Նա ապրում է սոսկ նրա համար, մտահոգվում է նրա ապագայով, ցանկանում է, որ նա գեղեցիկ կյանք ունենա, նրան մղում է դեպի փառքը. կինը հնազանդվում է, խնդրում ու հրամայում, ընկնում է ու բարձրանում և գիտե սփոփել այն դեպքերում, երբ դեռատի աղջիկը միայն հեծում է: Վերջապես, նրա կացության բոլոր առավելություններից զատ, երեսնամյա կինը կարող է ձևանալ դեռատի աղջիկ, խաղալ բոլոր դերերը, ամոթխած և գեղեցիկ լինել նույնիսկ դժբախտության մեջ: Այս երկուսի միջև անչափ տարբերություն կա, ինչպիսին կա նախատեսվածի ու չնախատեսվածի միջև: Երեսնամյա կինը գոհացնում է ամեն բան, դեռատի աղջիկը վախից ընկնում է և նահանջում: Այդ մտքերը զարգանում են երիտասարդ տղամարդու սրտում և առաջ բերում ուժեղագույն կիրք, որովհետև այդ միտքն է, որ միացնում է թե բարքերի կողմից ստեղծված արհեստական զգացումները և թե բնական զգացմունքները:
Օնորե Դը Բալզակ «Երեսնամյա կինը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել