Ք.Հ. 64 թվականին այրվեց Հռոմը: 14 օրերի լարվածություն՝ աղետի հետևանքով և վշտի պատճառով գրեթե խելագարության հասած մարդիկ   կանգնած էին ապստամբության կամ էլ քաղաքացիական պատերազմի շեմին: Բոլորի՝ կրակի ծխից սևացած հայացքներում դրոշմված էր միայն մեկ հարց, - Ո՞վ է մեղավոր Հռոմը հրդեհելու մեջ: Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել այն հանգամանքը, որ ոմն կայսեր՝ իր բանաստեղծական վարժությունների կամ  ներշնչման համար, կարող էր նման անմարդկային և անխիղճ քայլի դիմել: Մենք, նման դեպքում կասեինք՝ հիվանդ երևակայությանը հախուրդ տալ: Դե իհարկե, մեղքը պետք էր ինչ որ մեկի վզով փաթաթել, դե, հո կայսրին չպիտի մատնացույց անեին, թեև տեսել էին նրա ծառաներին կրակի ջահերով տները այրելիս, սակայն արի ու տես, որ Ներոնի երևակայությանը պետք է հարգանք մատուցել, նա հնարամիտ մարդ էր: Մեղադրվեցին քրիստոնեական աղանդի քչաքանակ հետևորդները: Այդ հետապնդումները  հետագայում վերածվեցին մասսայական բնույթի հալածանքների ՝ կառավարական մակարդակով: Չեմ մտնի մանրամասների կամ զազրելի տեսարանների նկարագրման մեջ, թողնելով այն ձեր երևակայությանը: Ներոնը հետագայում, այդ մաքրված տարացքներում կառուցեց պալատներ՝ պալատներ մարդկային ողբերգության հիմքի վրա:

Զարմանում եմ, երբ մտնում եմ համացանցեր և կարդում լուրերը: Չեմ  կարող հասկանալ, թե ի՞նչ են մտածում նրանք, ովքեր հանդես են գալիս հայտարարություններով կամ էլ նրանք, ովքեր գրի առնում կամ տպագրում են դրանք: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանվում են խեղաթյուրված, յուրովի, հետապնդելով շեշտադրված նպատակ, սակայն մոռանալով, թե ո՞վ է իրենց լսարանը կամ  ընթերցողը: Եթե կարծում են, որ մի խեղճ գյուղացի է, որ հանդից եկել է տուն ու փորձում է գլուխ հանել համակրգչից ու պատահականության շնորհիվ հաջողվում է միացնել այն և ավելին՝ ընկնել համացանցի լուրերի բաժին ու տառը տառի հետևից կարդալ, վանքարկելով կազմել նախադասություն ու գլուխը տմբտմբացնելով զարմանալ ու մի հատ էլ ուշունց տալ, ապա  չարաչար սխալվում են:

Անժելա Սարգսյանից հետո՝ համացանցում ամենա տարածված ու ռեյթինգային թեման աղանդներն են: Աղանդները իշխանության են ուզում գալ, աղանդները քայքայում են պետությունը, աղանդները, աղանդները, աղանդները: Նույնիսկ ընկել են արդեն անհատ քաղաքացու կյանքի հետևից՝ միայն թե իրենց համար էժան հեղինակություն ձեռք բերեն ու դառնան ամենասկանդալային հոդվածների հեղինակ:

Մայրը սպանեց երեխաներին, դե նա  աղանդավոր էր, գիրք են գտել տանը, կրոնական բնույթի: Է՜հեյ, կասեր Ֆրունզիկ Մկրտչյանը: Մտեք ցանկացած քաղաքացու բնակարան և դուք կգտնեք առնվազը մի չորս կամ հինգ տեսակի կտակարաններ, տարբեր գույների, տարբեր կազմերով, տարբեր հրատարակությունների, էլ չեմ ասի, որ կլինեն էլի գրականություններ կամ բրոշյուրաներ, որ քաղաքավարությունից ելնելով վերցրել էին փողոցում իրենց առաջարկող գեղեցիկ աղջկանից կամ տղայից: Մի՞թե դա տարբերակ էր, որ առաջարկեցիք ժողովրդին: Հաջորդը: Մայրը ինքնասպան է լինում, նրան հետեվում են որդին և աղջիկը: Անհաջող փորձ, վերջիններս փրկվում են: Աղանդավորներ են և կրոնական հողի վրա կատարել են ինքնասպանության փորձ: Հանրության ականջներին շշնջում են, թե աղանդները մարդկանց հասցնում են ինքնասպանության: Հա, ի դեպ, անհաջողակ ինքնասպանները հայտարարում են, որ Առաքելական եկեղեցու անդամներ են: Տեսար, ուրեմն ոչ միայն աղանդներն են հասցնում, այլ ազգային եկեղեցին: Ավելի շուտ կղերականները, ովքեր սեփական շահերն են հետապնդում: Այս դեպքում չես կարող եկեղեցին առանձնացնել իր կղերականներից: Նրանք եկեղեցու ներկայացուցիչներն են:

Նրանք ժողովրդին գիտակցաբար մտցնում են մոլորության մեջ, և ո՞վ  է դա անողը, աղանդնե՞րը, ոչ, այլ այն եկեղեցին, ում մարդիք վստահում են և դա անում են  կառավարության թեթև ձեռքով, ինչպես նաև ԶԼՄ-ները, ում նույնպես ՎՍՏԱՀՈՒՄ են, թեև վերջինիս պահով լուրջ հայտարարություն արեցի:

Չեմ ժխտում, որ ցանկացած աղանդ քրիստոնեության թշնամին է, կրկնեմ, քրիստոնեության և ոչ թե պետության: Երբ հեթանոս էինք, մեր պապերը քրիստոնյաների դեմ կռվում էին զենքով, պաշտպանելով ազգային աստվածների բագինները, նրանք նույնպես աղաղակում էին,-«Վերջ մեր աստվածներին, ուրեմն վերջ մեզ»: Հիմա  ի՞նչ, ասենք, որ քրիստոնեությունը այն թշնամին էր, որ հաղթեց և կործանեց մեզ և մեր պետությունը:

Խաչմերուկ, որտեղ բախվում են ոմանց շահերը: Ոմանք արագ կողմնորոշվում են և փորձում են կրակը իրենց բաղաջի տակը քաշել(Ժ.Խ.):

Հարցրեք ժողովրդին, թե ի՞նչ է նա մտածում աղանդների մասին, նրանց քայքայիչ գործունեության մասին, կամ նրանց  կազմակերպություններում շրջանառվող փողերի մասին:

Նա ոչինչ էլ չի մտածում, նրա միտքը զբաղված է օրհասական խնդիրների լուծմամբ, կամ լավագույն դեպքում այն կարող է շեղված լինել մեկ այլ հարցով, այո, նա մտածում է թե ե՞րբ գնի ինքնաթիռի տոմսը, հ՞իմա թե գարնանը:

Այս երկրում ամեն մարդ զբաղված է ճիշտ իր գործով(ոհ, մի՞թե հեգնեցի): Կառավարությունը մտածում է իր իշխանությունը պահելու մասին, ընդդիմությունը երազում է այդ իշխանության գլուխ գալ, Ազգային անվտանգությունը լուրջ խնդիրները թողած զբաղված է աղանդների փողերի վրա ձեռք գցելով, իսկ ոմանք իրենց փայի մասին մտածելով, սակարկում եվ վստահում են նման պատասխանատու եվ շահավետ գործը ՊԱԿ-ին:

Աղանդները զբաղված են իրենց քայքայիչ գործով, քայքայում են ու քայքայում ու վերջապես քայքայում բոլորի նյարդերը, քանի որ նրանք, ովքեր նյարդայնանում են նրանց քայքայիչ գործունեությունից նույնպես քայքայում են նյարդեր ու պրկված նյարդերով մարդիք դառնում են անհանդուրժող, ու մի օր էլ «Հռոմը» կայրվի, ու մինչ մարդիք զբաղված կլինեն «Հռոմը» մարելով, մեր « ներոնները » կգծագրեն ու կկառուցեն իրենց երազանքի ապարանքները մարդկային ողբերգության փլատակների վրա:

Ի միջիայլոց ասեմ, Նախիջևանի գերեզմանատան խաչքարերի նմանօրինակները կերտվում են եվ տեղադրվում Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, չգիտեմ դա հեգնանք է թե պարզապես արվեստի ճաշակ: Լցնել առանց այն էլ մեռած քաղաքը տապանախաչքարերով: Ժողովրդի մնացորդ, որ իր օրերն է քաշ տալիս գերեզմանատանը:

Դե այս կյանքի մեջ զարմանալու այլևս ոչինչ չկա, մենք հավատացյալ ազգ ենք, որ հավատում ենք ամեն ինչի, ինչ կարող է պատահել մեզ հետ:

Գիտես, ասա ժողովդին, որ չկա հաց, պիտի դիմանաս, նա կդիմանա, ասա որ մեռնելու ես, նա կմեռնի, բայց իրավունք չունես նրան հիմարի տեղ դնելու, նա քո մասին իր կարծիքն ունի ու մինչ դու նրա դեմքին ես նայում քո հիմար ժպիտով, նա ողբում է քո ծախված կամ մեռած հոգու համար: Ախր էն աղանդավորն էլ, որի մասին ասում ես, նա  նույնպես նրա կինն է, ամուսինն է, զավակն է, պապն է կամ տատը, թոռը, եղբայրը կամ քույրը: Ու՞մ էս ուզում բաժանել իրարից:

Մարդ էդքան ագահ չի լինի: Սովետական կարգերի օրոք բոլորն էլ գողանում էին, ծախում էին պետական գույքն ու ռեսուրսները, բայց նրանց ագահությունը կանգ էր առնում պատասխանատվության ու օրենքի առջեվ, թեև դրանք էլ էին ծախված, սակայն կար մի եզր, որի առջև բոլորն էին կանգ առնում:

«Իմաստության սկիզբը Տերոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը» Առակաց 1:7հ

Դե, եթե մարդուս մոտ Աստծո վախն այլևս չկա, ապա իրոք որ մնում է փախնել այս երկրից, կամ էլ դառնալ նրա նահատակը, ում արյան վրա կշինվի ինչ որ մեկի ապարանքները:

Հիմա ի՞նչ, ի՞նչպես քեզ հետ պահեմ «Հռոմը» այրելու քո մտադրությունից, « Հռոմ» -ի մասին չեմ մտածում, ոչ էլ քո, այլ էն խեղճերի, ում հետո պիտի խաչես:

« Ժողովուրդ որ խաչված է ճակատագրով, իր ապագան է կերտում վաղվա հավատքով» Շ.Ազնավուր

Ես չեմ հավատում ճակատագրին: Եվ դեմ եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են այս ազգի ճակատին իրենց խարազանը դաջել:

Ու՞ր էիր Աստված: Արթուր Մեսչյանի հարցն անպատասխան մնաց, գոնե ես փորձեմ  պատասխանել: Արթուր, նա ճիշտ այնտեղ էր, որտեղ խաչվում էր իր որդին, խաչի մոտ, վշտակորույս, զարմացած՝ մարդու և այս կյանքի անարդարությունից: Հիմա էլ, նա ճիշտ այստեղ է, դարձյալ զարմացած ու վշտացած, թե ինչպես կարող են իր անունից ավիրել, կործանել, սպանել:

Սիրելիս, մենք մի ազգ ենք, ով իր պարանոցին կրում է իր Տիրոջ մահը խորհրդանշող և հիշեցնող խաչը: Խաչն իր բազում կողմերով, մահվան և  կյանքի, սիրո և ներման, տառապանքի և երանության, Աստվածային ողորմության և շնորհքի: Ուստի մենք պետք է, որ ամեն օր զգանք նրա նշանակությունը և վերջապես, երբ է այն դադարելու մեր իմիջի մի մասը լինելուց:

« Եվ սա է Նրա պատվիրանը, որ հավատանք Նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին, և իրար սիրենք, ինչպես Նա պատվիրեց մեզ»: Ա.Հովհաննես 3:23հ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել