Մայիսի 23-ին <Վերջին զանգի> օրն էր, որից սկսվում է ճանապարհը դեպի մեծ կյանք: Եվ աշակերտները, և մանկավարժները, և ծնողները ամեն ինչ անում են այդ տոնի հիշողությունն անջնջելի դարձնելու համար, սակայն նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ օրվա հուզական լարվածությունն ու ոգևորությունը երբեմն բերում են նաև անցանկալի միջադեպերի, ավաղ, նաև ողբերգական դեպքերի: 
Նման իրավիճակներից զերծ մնալու նպատակով <Վերջին զանգի> նախորդ օրերին ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները, ճանապարհային և համայնքային ոստիկանները այցելեցին դպրոցներ, զրուցեցին երեխաների, մանկավարժների ծնողների հետ` բացատրելով ցանկացած իրավախախտման անթույլատրելիությունն ու հետևանքները: 
Բացի այդ, ոստիկանությունը կոչով դիմեց բոլորին` հորդորելով <Վերջին զանգի> օրը անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել, զերծ պահել նրանց ոգելից խմիչքներից, երեխաների կողքին լինել հանդիսությունների ժամանակ: 
Ի լրումն այս կանխարգելիչ միջոցառումների` ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները մայիսի 23-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում մայրաքաղաքի և մարզերի դպրոցամերձ տարածքներում, հասարակական ու զվարճանքի վայրերում, բոլոր այն տեղամասերում, որտեղ նախատեսվում էին տոնական հանդիսություններ: 
Եվ <Վերջին զանգի> հանդիսությունների ընթացքում լուրջ միջադեպեր չարձանագրվեցին: Ընդամենը` մայիսի 23-ին անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց. 28-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 63-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս: 
Այսօր կարող ենք փաստել, որ ոստիկանության հետևողական աշխատանքի շնորհիվ <Վերջին զանգի> հանդիսություններն աննախադեպ խաղաղ և առանց հասարակական կարգի խախտումների անցան ողջ հանրապետությունում:
Համոզված ենք, որ տոնը հենց այսպես ուրախ ու անամպ էլ կմնա շրջանավարտների կյանքում, իսկ տոնախմբման այս կերպը նախադեպ կդառնա մեր բոլոր հանդիսությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել